Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նախօրեին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հաղորդել է NEWS.am-ին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը` հանդիպմանը քննարկվել են համագործակցության գերակա ուղղությունները, ՀԱՊԿ հովանավորությամբ իրականացվելիք միջոցառումները, ներառյալ այս տարվա մայիսին Բիշքեքում նախատեսված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը` Ղրղըզստանի նախագահությամբ:  Նիկոլայ Բորդյուժան պետության ղեկավարին տեղեկացրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը մշակել է ՀԱԽ նիստի որոշումների եւ հրամանների 2012 թվականի նախագիծը:

Ալմազբեկ Աթամբաեւը, որպես ՀԱՊԿ ՀԱԽ նախագահ, հաստատել է ներկայացված նախագիծը: Նիկոլայ Բորդյուժան Ղըրղզստանի նախագահին հիշեցրել է նաեւ մարտի 26-ին կայանալիք «ՀԱՊԿ-ն ու Կենտրոնական Ասիայի անվտանգության ապահովման հարցերը» թեմայով կայանալիք Կլոր սեղանի մասին: Միջոցառմանն ակնկալվում է ՀԱՊԿ քատուղարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՀԱՊԿ կազմի մեջ մտնող երկրների քաղաքագետների մասնակցությունը: