ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի հայերը բողոքի ցույց են անցկացրել տեղի Կապիտոլիումի դիմաց, Ադրբեջանի խորհրդարանական եւ Պետական նավթային ընկերության պատվիրակության` Քալիֆորնիա նահանգի Սենատ այցելության դեմ: Այս մասին հաղորդել է «Asbarez»-ը` վկայակոչելով Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (Արեւմտյան տարածաշրջան):
«Քալիֆորնիա նահանգի Սենատն ամերիկյան ժողովրդավարության կարեւոր կենտրոն է եւ դա Ալիեւի բռնատիրական ռեժիմի ներկայացուցչության ցուցադրությունների տեղը չէ»,- ասել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի արտաքին հարցերի գծով տնօրեն Թերեզա Երիմյանը:
Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Կաչո Աչադյանը, Ադրին Նազարյանը, Ջիմ Փաթերսոնն ու Սքոթ Ուիլքը միացել են Հայկական երիտասարդական ֆեդերացիայի եւ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից կազմակերպված բողոքին:
Ադրին Նազարյանը նշել է. «Սումգայիթում, ապա Բաքվում, Կիրովաբադում եւ Մարաղայում հայերի ջարդերից 25 տարի անց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիան շարունակվում է: Սենատում Ալիեւի բռնատիրական ռեժիմի ներկայացուցչության ընդունելությունը վատ մեսիջներ է հղում: Բաքուն ընդդիմանում է ԱՄՆ-ի` Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու կոչերին եւ ի չիք դարձնում տարածաշրջանային խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային ջանքերը:
Ադրբեջանի պատվիրակության մեջ են մտել չորս պատգամավոր եւ ԱՊՆԸ երեք ներկայացուցիչներ: Հաղորդվել է, որ Քալիֆորնիա նահանգի սենատոր Լիլանդ Իհին հեռացել է Սենատից, երբ Ադրբեջանի պատգամավորների պատվին արարողություն է անցկացվել:




























