ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանի Լա Կրեսենտեում հայկական ծագում ունեցող զույգ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ոստիկանները նրանց տանը բժշկի դեղատոմսերի բլոկներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է  «Glendale News-Press»-ը:

Ոստիկանները փողոցում կանգնեցրել են 34-ամյա Սեւակ Մեսրոպյանին եւ նրա մեքենայի մեջ մետամֆետամին հայտնաբերել: Դրանից հետո արդեն տանը Մեսրոպյանն ու 31-ամյա Սոֆի Մաչանջյանը ձերբակալվել են, երբ ոստիկանությունը հայտնաբերել է, որ Մաչանջյանի համար դուրս են գրվել ցավազրկող վիկոդինի դեղատոմսեր:

Ոստիկանության աշխատակիցները կապվել են Հյուսիսային Քարոլինայում գտնվող բժշկի հետ, ում անունը գրված է եղել դեղատոմսերի եւ բլոկների վրա: Նա ոստիկանությանը պատմել է, որ դեղատոմս չի տվել Մաչանջյանին: Բժիշկը ոստիկանությանն ասել է, որ չի հասկանում` ինչպես են իր փաստաթղթերը հայտնվել կնոջ մոտ, քանի որ ինքն այդպիսի դեղատոմսեր չի տվել:

Ոստիկանները Մեսրոպյանին կանգնեցրել են, քանի որ նրա մեքենայի ապակիները մգեցված են եղել: Ինչպես հաղորդվել է, նա ոստիկաններին հայտարարել է, որ հանդիսանում է հանցախմբի անդամ, եւ թալանի համար պատժից հետո գտնվում է պայմանական ազատության մեջ մինչեւ 2015 թվականը: Ապա նա թույլ է տվել ոստիկաններին խուզարկել իր մեքենան:

Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է մետամֆետամին եւ թվային նկարներ, որտեղ նրա մոտ ավտոմատ է եղել: Մեսրոպյանը ոստիկանությանն ասել է, որ զենքի սեփականատերն իր բարեկամն է: Սակայն նա չի կարողացել ասել իր բարեկամի հասցեն, դրա համար ոստիկանությունը շարունակել է խուզարկությունը նրա տանը, որտեղ եւ հայտնաբերել է կեղծ դեղատոմսերը: Ոստիկանները հրացանը չեն հայտնաբերել:

Մեսրոպյանը ձերբակալվել է անօրինական կերպով մետամֆետամին եւ զենք պահելու համար: Մաչաջյանը ձերբակալվել է բանտ թմրանյութ մտցնելու, գողացված իրերը պահելու եւ թմրանյութի հետ կապ ունեցող ատրիբուտների տիրապետելու կասկածանքով: Մաչաջյանն ավելի ուշ գրավի դիմաց ազատ է արձակվել: Մեսրոպյանը մնում է հսկողության տակ: