Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն «անթույլատրելի» է անվանել Թուրքիայի վարչապետի վերջերս հնչեցրած հայտարարությունը, որտեղ սիոնիզմը մարդկության դեմ հանցագործությանն էր հավասարեցվել:
«Չգիտեմ, թե իրականում ինչ է նա ասել, սակայն Էրդողանին վերագրվող արտահայտություններն անթույլատրելի են», - մարտի 12-ին Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների գագաթաժողովին հաջորդած ասուլիսում հայտարարել է Էշթոնը:
«Սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություն անվանելը Եվրամիության համար անընդունելի է՝ թե հիմա, թե երբեւէ, եւ կարեւոր չէ, թե ով է այդ խոսքերն արտաբերում», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:
Եվրախորհրդարանի 20 անդամներ վերջերս նամակ էին ուղարկել Էշթոնին՝ կոչ անելով պաշտոնապես դատապարտել թուրքական վարչապետի հայտարարությունը, նրանց թվում եղել էին Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Դանիայի, Գերմանիայի, Բելգիայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:
Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք գիտաժողովում Էրդողանը հայտարարել էր, որ իսլամաֆոբիան մարդկության դեմ հանցագործություն է, ինչպես «սիոնիզմը, հակասեմականությունը, ֆաշիզմը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ խոսքերն անվանել էր անզգույշ եւ ագրեսիվ, իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դատապարտել էր ստահոդ հայտարարությունը: Այցով Անկարայում գտնվող ԱՄՆ-պետքարտուղար Ջոն Քերրին եւս քննադատել էր Էրդողանի հայտարարությունը՝ այն «կասկածելի» որակելով:




























