ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Գլենդելի քաղաքային հանձնաժողովներից մեկի անդամ, քաղաքային խորհրդում առաջադրված Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդի նիստում լարված հարցաքննության է ենթարկվել: Նա չի հերքել, որ եղել է համացանցում իր անվան տակ հրապարակված սպառնալից եւ ռասիստական բնույթի մեկնաբանությունների հեղինակը՝ ասելով միայն, որ դրանք չեն արտահայտում իր էությունը: «Ինձ վերագրված բառերը ես չեմ: Նրանք չեն պատկերացնում ով եմ ես որպես մարդ: Դրանք չեն արտացոլում իմ արժեքները, իմ գաղափարները»,- ասել է նա:
Ինչպես հաղորդել է «Glendale News-Press»-ը, Գլենդելի համայնքային զարգացման հարցերով Խորհրդատվական հանձնաժողովի անդամ Զարեհ Սինանյանը, ով Գլենդելի քաղաքային խորհրդում տեղ գրավելու ֆավորիտ է համարվում, իրեն տվյալ հանձնաժողովի անդամ լինելուց զրկելու առաջարկությունն անվանել է լավ կազմակերպված զրպարտչական քարոզարշավ` մեկնաբանությունների պատճառով:
Քաղաքային խորհրդի անդամներ Լորա Ֆրիդմանն, Արա Նաջարյանը եւ քաղաքապետ Ֆրենք Քինթերոն անցյալ շաբաթ խնդրել են տվյալ հարցը ներառել խորհրդի այս շաբաթվա նիստի օրակարգում: Ֆրիդմանն ու Նաջարյանը եւս ցանկանում են իրենց տեղը խորհրդում պահպանել ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններից հետո:
Երբ հայտնվել են մեկնաբանությունների մասին տեղեկությունները, Սինանյանը կորցրել է մի քանի ազդեցիկ դեմքերի, այդ թվում եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի եւ Լոս Անջելեսի քաղաքապետի երկու թեկնածուների` Էրիկ Գարսեթիի եւ Ուենդի Գրոելի աջակցությունը:
Երբ նիստի ժամանակ խորհուրդը քննարկել է Սինանյանի` քաղաքային հանձնաժողովում պաշտոնի հարցը, նրա կողմնակիցները հանրային քննարկումների ժամանակ քննադատության տարափ են տեղացել Ֆրիդմանի վրա, ով մտցրել էր տվյալ առաջարկությունը: 90 մարդուց բաղկացած ամբոխը պարզաբանման ժամանակ նրան ընդհատել է մի քանի անգամ:
Ի վերջո խորհուրդը միաձայն որոշել է ոչ մի գործողություն չկիրառել եւ փակել է Սինանյանին հանձնաժողովում իր տեղից զրկելու վերաբերյալ հարցը: «Ընտրությունները կորոշեն ամեն ինչ»,- ասել է քաղաքային խորհրդի անդամ Դեյվ Ուիվերը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, լենդելի քաղաքային խորհրդի թեկնածու Զարեհ Սինանյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում այն մեղադրանքներով, որ նա հանդիսանում է «YouTube»-ում «ռասիստական, կնատյացական եւ սպառնալից» մեկնաբանությունների հեղինակ:



























