Եվրոպացիներն աշխարհի ամենամոլի ծխողներն ու խմողներն են: Այսպիսի տվյալներ են արձանագրվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվետվության մեջ, որտեղ ասվում է, որ տարածաշրջանում ծխախոտի եւ ալկոհոլի գնաճը կնպաստի ծխելու եւ ալկոհոլի օգտագործման դեմ պայքարին:

Ըստ Bloomberg Businessweek-ի՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածարջանի 53 երկրներում ծխում է 15 տարեկանից բարձր մարդկանց միջինը 27 %-ը: Զեկույցի համաձայն՝ Եվրոպայում օգտագործում են տարեկան միջինը 10,6 լիտր ալկոհոլ, ինչն ավելին է, քան ցանկացած այլ տարածաշրջանում:

Այս երկու սովորությունները քաղցկեղի եւ սրտային հիվանդությունների գլխավոր պատճառներն են եւ մահերի 70 %-ը դրանց պատճառով է: Ցածր գները կապված են պահանջարկի մեծացման հետ:

Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Թուրքիայում տղամարդկանց ավելի քան կեսը ծխում է, իսկ որպես ամենաշատ ալկոհոլ օգտագործող զեկույցում նշվել են Մոլդովան, Լյուքսեմբուրգը, էստոնիան եւ Չեխիան: Շվեդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան ու Իսլանդիան ունեն ծխախոտի եւ ալկոհոլի օգտագործման ամենացածր ցուցանիշներն, այն դեպքում, երբ ալկոհոլ ամենաքիչն օգտագործում են մահմեդական երկրները` Տաջիկստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը:

Հոգեկան եւ վարքի խանգարումներն ավելի տարածված են հյուսիսային երկրներում, ինչպիսիք են Ֆինլանդիան, Իսլանդիան եւ Դանիան։ Արեւելյան Եվրոպան աշխարհում արագորեն տարածվող ՄԻԱՎ համաճարակի կենտրոնն է, իսկ մի քանի արեւելյան երկրներում սրտային հիվանդություններից վաղաժամ մահերն աճում են ընդհանուր միտմանը հակառակ։