Համացանցում հայտնվել է WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդողի՝ Բրեդլի Մենինգի խոստովանության ամբողջական ձայնագրությունը: Մինչեւ դատական լսումները զինվորականի խոստովանության մեկժամյա ձայնագրությունը հասանելի է Freedom of the Press Foundation կայքում, իսկ խոստովանության հինգրոպեանոց հատվածը տեղադրվել է YouTube-ում:

WikiLeaks-ին հազարավոր գաղտնի դիվանագիտական եւ բանակային փաստաթղթերի փոխանցման մեջ մեղադրվող Մենինգն իր խոստովանության մեջ իր արարքը մեկնաբանել է հասարակության ուշադրությունն ամերիկյան բանակի «արյունարբության» եւ խաղաղ բնակչության կյանքի նկատմամբ ունեցած արհամարհանքի վրա սեւեռելու ցանկությամբ:

Մասնավորապես Մենինգը մանրամասն վերլուծում է ամերիկյան ուղղաթիռների կողմից իրաքցիների խմբի հրաձգության վերաբերյալ իր հրապարակած տեսագրությունը: Նա ուղղաթիռի անձնակազմի անդամներին համեմատում է «մրջյուններին խոշորացույցով տանջող երեխաների հետ»: Մենինգը հավելել է, որ տեսագրությունն իրեն  «զգացմունքայնորեն ճնշել է», եւ ինքը վճռել է հրապարակել այն, հայտնում է lenta.ru-ն:

Դեռ  հայտնի չէ, թե ում ձեռքի գործն է  փետրվարի վերջին տեղի ունեցած լսումների ձայնագրությունը: Լրագրողների մուտքը թույլատրել էին, սակայն մուտքի մոտ նրանց խուզարկել են՝ ձայնագրող սարքեր չթողնելու համար, այդ պատճառով էլ նրանք  ձեռքով են  գրել:

Մենինգն ամերիկյան բանակում ծառայում էր որպես ռազմական վերլուծաբան: 2010թ. մայիսին նա անանուն WikiLeaks-ի կայք էր ներբեռնել հազարավոր գաղտնի փաստաթղթեր՝ ներառյալ 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր եւ նամակներ: