Ֆրանսիայից բարձր հարկերի պատճառով փախած ռուսական անձնագրով ֆրանսիացի Ժերար Դեպարդիեն Բելգիայում սեփական ընկերությունն է հիմնել:

Holding 2712 ընկերությունը 20 000 եվրո կապիտալով գրանցված է Բելգիայի Նեշեն քաղաքում: Ընկերության գործունեության բնույթը չի նշվում: Դեպարդիեն ընկերության միակ հիմնադիրն է, բաժնետերը եւ ղեկավարը:

Ընկերության ստեղծման փաստաթղթերում մասնավորապես գրանցված են բաժնետոմսերի փոխանցման հնարավորությունները վերահսկող դրույթներ, որոնք նախատեսում են բաժնետոմսերի  ավտոմատ անցում երեխաներին՝ ընկերության հիմնադրի մահվան դեպքում: Լրատվամիջոցները ենթադրում են, որ Դեպարդիեն այդպիսով ցանկանում է ապահովել իր ժառանգներին, գրում է gazeta.ru-ն:

Նախկինում Ֆրանսիան մտադիր էր 75 տոկոսանոց հարկ կիրառել հարուստների հանդեպ: Դրանից հետո Ժերար Դեպարդիեն լքել էր Ֆրանսիան, ստացել ռուսական քաղաքացիություն եւ դարձել «պատվավոր մորդովացի», ինչպես նաեւ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովից նվեր ստացել հինգսենյականոց բնակարան: