Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման հետ կապված եւ մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:

Բարձ գնահատելով Հայաստանի եւ Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան:

Նա նշել է, որ հայ-հնդկական հարաբերություններն ունեն պատմական անցյալ եւ կարեւորել է այդ հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը: ԱԱԽ քարտուղարը փաստել է, որ այսօր արդեն իսկ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության բավականին բարձր մակարդակ եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը եւ միջազգային կառույցների շրջանակներում դիրքորոշումների եւ տեսակետների ներդաշնակությունը մեծապես նպաստում են երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը:

Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ արձանագրել է, որ 2011թ. Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հնդկաստանի Ազգային անվտանգության քարտուղարի հետ հանդիպումը եւ առ այսօր շարունակվող պարբերական երկխոսությունը նոր թափ հաղորդեցին անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության հետագա խորացման հարցը:

Արթուր Բաղդասարյանը կարեւորել է իր պաշտոնակցի պատասխան այցը Հայաստան, որի ընթացքում կստորագրվի երկու կառույցների միջեւ համագործակցության հուշագիր, որը հիմք կհանդիսանա Անվտանգության խորհուրդների միջեւ սերտ համագործակցության համար:

Դեսպանը նունպես բարձր է գնահատել երկու երկրների` դարավոր պատմություն ունեցող ջերմ հարաբերությունները եւ շեշտել, որ Հնդկաստանը նույնպես պատրաստ է խթանել առկա համագործակցությունը եւ փոխգործակցության նոր ուղիներ նախանշել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել են երկու երկրների միջեւ անվտանգության, ռազմական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: