Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինն ընտրվել է ՉԺՀ-ի նախագահ եւ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավար: Այդ պաշտոններում փոխարինելով Հու Ցզինտաոյին` նա զբաղեցրել է ՉԺՀ-ի բոլոր չորս ղեկավար պաշտոնները` իր ձեռքում կենտրոնացնելով կուսակցական, պետական եւ ռազմական ղեկավարությունը:
Ավելի վաղ նոյեմբերին` ՉԿԿ-ի Կոմկուսի18-րդ համագումարում Սի Ցզինպինը դարձել էր Կոմկուսի ԿԿ-ի գլխավոր քարտուղար եւ ՉԿԿ-ի ԿԿ Գերագույն ռազմական խորհրդի նախագահ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Չինաստանի նոր ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 14-ի առավոտյան` ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի 12-րդ համագումարի նիստի ընթացքում` գաղտնի քվեարկությամբ: ՉԺՀ-ի նախագահն ընտրվում է հինգ տարով: Նա կարող է այդ պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ոչ ավելի:
Չինական խորհրդարանի նախագահ է դարձել Չինաստանի փոխվարչապետ Չժան Դեցզյանը, հաղորդում է gazeta.ru-ն:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական նստաշրջանը Պեկինում կտեւի մինչեւ մարտի 17-ը: Մինչ դրա փակումը կհաստատվեն Պետխորհրդի վարչապետի պաշտոնի եւ նրա տեղակալների թեկնածությունները, կնշանակվեն նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներ: Այդպիսով, ըստ նստաշրջանի արդյունքների`վերջնականապես կձեւավորվի չինացի ղեկավարների «հինգերորդ սերնդի» էշելոնը:




























