Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին:

Փոխվարչապետը նախ շնորհավորել է նորանշանակ ներկայացուցչին` առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ եւ վստահություն հայտնել, որ ձեւավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կշարունակվի:

«Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը: Այստեղ կուտակված է համատեղ աշխատանքի մեծ փորձ, եւ կարող ենք հարստացնել այն»,-նշել է փոխվարչապետը:

Մայիսից Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանը նա փոխգործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու  նոր հնարավորություն  է համարել` տեղեկացնելով, որ օրակարգում են լինելու նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման,  տեղական ժողովրդավարության ոլորտում գործակցության հարցերը:

Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵԽ գործընկերների հետ համատեղ  աշխատանքը, մասնավորապես առանձնացնելով  Եվրոպայի խորհրդի  Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014թթ. գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքին:

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա տարիները ՏԻ եւ տարածքային կառավարման համակարգում  բարեփոխումների տարիներ են լինելու, եւ այդ գործընթացում Հայաստանն ակնկալում է  ԵԽ գործընկերների աջակցությունը:

Oլեքսանդր Պավլյուկն իր հերթին ընդգծել է, որ Եվրախորհուրդը  կարեւորում է  ոլորտում բարեփոխումների իրականացումը եւ կառույցի անունից աջակցության ու սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵԽ շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում համագործակցությանը եւ այն շարունակելու ու խորացնելու անհրաժեշտությանը: