Նորընտիր Հռոմի պապ Ֆրանցիսկը մարտի 14-ի առավոտյան աղոթել է հռոմեական Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Առավոտյան ժ. ութի սահմաններում Պապին տեղափոխող մեքենան մոտեցել է եկեղեցուն: Աղոթքը տեւել է մոտ կես ժամ, հայտնում է իտալական հեռուստատեսությունը: Պապը տիրամորը շնորհակալություն է հայտնել ընտրվելու համար:

Երբ Ֆրանցիսկոսը եկեղեցուց դուրս էր գալիս, նրան նկատել են մոտակա լիցեյի սաները: Վատիկանի 50 աշխատակիցների, լրագրողների եւ լուսանկարիչների ուղեկցությամբ քայլող Պապը ձեռքի շարժումով ողջունել է երիտասարդներին, ինչից հետո նստել է մեքենան եւ հեռացել, գրում է «Ինտերֆաքսը»:

Ֆրանցիսկոսը հաստատել է, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հավատավորների հետ իր առաջին՝ Աստծո հրեշտակ աղոթքը կընթերցի մարտի 17-ին: Ավանդույթի համաձայն՝ դրան կնախորդի կարճ քարոզը: Գահակալումը նշանակված է մարտի 19-ին: Ֆրանցիսկոսի անունով շնորհավորանքներ են ստացվում ամբողջ աշխարհից:

Մարտի 14-ին տեղի ժամանակով ժ. 17.00-ին Ֆրանցիսկոսը Սիքստինյան կապելլայում կընդունի բոլոր կարդինալներին՝ եւ ձայնի իրավունք ունեցողներին, եւ  չքվեարկածներին:

Նոր պապն արդեն հեռախոսազրույց է ունեցել իր նախորդի՝ Բենեդիկտոս 16-րդի հետ, սակայն զրույցի բովանդակությունն անհայտ է: Լրատվամիջոցները գրում են, որ առաջիկայում Ֆրանցիսկն անձամբ կայցելի նրան, գրում է gazeta.ru-ն:

Ֆրանցիսկոսը Հռոմի 266-րդ պապն է եւ Սուրբ գահը զբաղեցրած Նոր աշխարհի առաջին ներկայացուցիչը, նաեւ՝ ճիզվիտների ներկայացուցիչ առաջին պապը: