Ադրբեջանում մամուլի ազատության վիճակն ավելի վատ է, քան փորձում են ներկայացնել պաշտոնյաները: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) բաց նամակում:

Նամակում կոչ է արվել փոխել այդ միտումը եւ թույլ տալ մամուլին ազատ գործել՝ չվախենալով ազատազրկումներից, հարձակումներից կամ դատական հայցերից:

«Կառավարությունը նախկինի պես բանտերն  նետում ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողներին, դատախազները չեն քննում լրագրողների դեմ հարձակումները, իսկ դատարանները տուգանում են անկախ լրատվամիջոցներին՝ զրպարտության մեղադրանքներով: Օրենսդիրները եւս ձգտում են սահմանափակել տեղական ՀԿ-ների միջազգային ֆինանսավորումը եւ աշխատում են, որպեսզի սահմանափակեն խոսքի ազատությունն ինտերնետում»,-ասված է բաց նամակում:

CPJ-ի ղեկավար Ջոել Սայմոնը նշում է, որ թեեւ միջազգային ճնշմանը, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բանտերը նետել լրագրողներին, ովքեր հաղորդել են կառավարությունում կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների մասին: Ադրբեջանը տարածաշրջանում երկրորդ երկիրն է կալանավորված լրագրողների թվով՝ 2012-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ:

«Նախագահ Իլհամ Ալիեւ, այդ խախտումները բիծ են ձեր երկրի միջազգային վարկանիշի վրա: Դրանք Ադրբեջանը դնում են աշխարհում մամուլը ճնշող վատագույն երկրների ցանկում»,-ասված է նամակում: