Բաքվում հանրահավաքը ցրելու վերջին իրադարձությունների հետ կապված սառնություն է նկատվում ԵԱՀԿ -ի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ ձերբակալվել էին յոթ երիտասարդ ակտիվիստներ, որոնք մասնակցել են ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կողմից կազմակերպված թրեյնինգներին: ԵԱՀԿ գրասենյակի միջամտությամբ նրանց բաց են թողել, սակայն պատմությունը դրանով չի ավարտվել: Ի պատասխան ադրբեջանական մամուլի հրապարկումների` ԵԱՀԿ Բաքվի գարսենյակը ստիպված է եղել հանդես գալ հայտարարությամբ` նշելով, որ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակում ոչ մի ստուգումներ էլ չեն իրականացվում եւ գրասենյակը շարունակում է իր առօրյա աշխատանքը:
Իր հերթին «Ենի Մուսավաթ» թերթը, վկայակոչելով կառավարական իր աղբյուրներին, տեղեկատվություն է տարածել, թե Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր գրասենյակը ստուգումներ է իրականացրել կազմակերպության Բաքվի գրասենյակում եւ, համաձայն կարգադրության, ստուգվում է գրասենյակի աշխատակիցների գրագրությունը: Թերթը նշում է նաեւ, թե կառավարությունը դժգոհ է Բաքվի գրասենյակի աշխատանքից եւ սպասվում է դեսպան Կորա Թարգայի ժամկետից շուտ հեռացումը:
«Բազիմ յոլ» թերթն էլ գրել է, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտ Զանիերի` մարտի 15-ին Բաքու կատարելիք այցի ընթացքում լրջորեն կքննարկվի այդ հարցը: «Աղբյուրը հայտնում է, թե պաշտոնկան Բաքուն ցանկանում է սահամանափակել Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը կամ էլ փակել դիվանագիտական ներկայցուցչությունը», -գրում է թերթը: Համաձայն թերթի աղբյուրի` կառավարությունը ԵԱՀԿ-ից պահանջում է իրականացվող բոլոր ծրագրերը համաձայնեցնել Ադրբեջանի ԱԳ նախարարության հետ: Նշվում է, որ պաշտոնական Բաքվի այդ պահանջը կներկայացվի ԵԱՀԿ մշտական խորհրդում: Եթե խորհուրդը որոշի սահմանափակել Բաքվի գրասենյակի գործունեությունը, առաքելությունը կընդլայնվի Թբիլիսիում: Հակառակ դեպքում երկրի եւ միջազգային կազմակերպության միջեւ լարվածությունը կխորանա:
Օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու են Բաքվում հատկապես հիմա «գլխի ընկել» ԵԱՀԿ աշխատանքի մասին: Ըստ ամենայնի, նպատակն ամեն ինչ անելն է, որպեսզի միջազգային հեղինակավոր այդ կազմակերպությունը չկարողանա ներկա գտնվել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին: Որքան քիչ վկաներ, այնքան ավելի հեշտ կլինի ապահովել «համաժողովրդական առաջնորդի 100%-անոց հաղթանակը»:




























