Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնեց Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին: 

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես  ուշադրության կենտրոնում կլինեն ինովացիոն, գիտատեխնիկական ոլորտներում գործակցության հարցերը, կքննարկվեն  ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմինների հաշվետվությունները:

Փոխվարչապետը կմասնակցի նաեւ մարտի 15-ին Մոսկվայում կայանալիք միջազգային տնտեսական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Արդի մարտահրավերներ եւ Համագործակցության տարածքում ինտեգրացիայի զարգացման հեռանկարներ» խորագրով:

Ավանդաբար անցկացվող համաժողովը ԱՊՀ երկրների պետական մարմինների ղեկավարների եւ գործարար շրջանակների առաջատար ներկայացուցիչների կառուցողական փոխգործակցության եւ փորձի փոխանակման կարեւոր հարթակ է համարվում: Համաժողովի շրջանակում կկազմակերպվեն նաեւ տնտեսական համագործակցության տարբեր ուղղություններին նվիրված թեմատիկ կլոր սեղաններ: