Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորանքում ասվում է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աճող դերը միջազգային ասպարեզում կշարունակի իր բարենպաստ ազդեցությունն ունենալ համաշխարհային խաղաղ եւ կայուն զարգացման վրա:

Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետեւողական ամրապնդմանը եւ խորացմանը: Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում երկկողմ կապերի եւ փոխանակումների հետագա ակտիվացումը, ինչպես նաեւ արդյունավետ գործակցությունը միջազգային ասպարեզում բխում են մեր երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների կենսական շահերից:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը առավելագույն ջանքեր գործադրելու հայ-չինական միջպետական բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության համապարփակ զարգացման ուղղությամբ՝ դրանք նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` երջանկություն եւ բարօրություն»: