Carnival Cruise ընկերությունը հայտարարել է իր բոլոր 23 նավերում «ամբողջական ստուգում» անցկացնելու մասին, որից ընդամենը երկու օր անց զբոսանավերից մեկում կրկին խափանում է տեղի ունեցել:

Ինչպես Carnival Triumph-ի դեպքում, այս անգամ եւս Կարիբյան ավազանում շրջագայող Carnival Dream-ի ուղեւորները մնացել են առանց էլեկտրաէնեգիայի, նաեւ խափանվել է կոյուղագիծը:

Զբոսանավն արդեն տեղափոխվել է Նիդերլանդների թագավորության կազմում ընդգրկված Սինտ Մարտեն կղզու Ֆիլիպսբուրգ նավահանգիստ, սակայն զբոսանավում գտնվող 4,5 հազար ուղեւորներին թույլ չեն տալիս ափ իջնել:

«Մեզ թույլ չեն տալիս իջնել նավից, թեեւ ներսում անհնար է օգտվել զուգարաններից: Շրջագայության կազմակերպիչը շատ քիչ տեղեկատվություն եւ տոննաներով դատարակ խոստումներ է տալիս: Այն, ինչը պետք է մեկ ժամ տեւեր, տեւում է արդեն 7 ժամ»,-հայտնել է ուղեւորուհիներից մեկը, հաղորդում է «Gazeta.ru-ն»:

Առափնյա ոստիկանությունում պարզաբանում են, որ մարդկանց թույլ չեն տալիս իջնել նավից, որպեսզի հետո պատահաբար չթողնեն կղզու վրա: