Տեխնիկական անսարքություններ են տեղի ունեցել Carnival Legend զբոսանավում, որը ստիպված է եղել փոխել իր ճանապարհորդության երթուղին, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Սա վերջին օրերին Carnival ընկերության արդեն երրորդ զբոսանավն է, որը ճանապարհորդության ժամանակ բախվում է լուրջ տեխնիկական խնդիրների:

Carnival Legend զբոսանավը մարտի 10-ին դուրս է եկել Թամփա քաղաքի (ԱՄՆ, Ֆլորիդա) նավահանգստից եւ իր շրջագայությունը պետք է ավարտեր 7 օր հետո, սակայն վերջին օրը տեխնիկական անսարքություններ են առաջացել, որի հետեւանքով զբոսանավի հրամանատարը ստիպված է եղել փոխել երթուղին եւ ժամանակից շուտ նավահանգիստ վերադառնալ: Դեռեւս չի հաղորդվում, թե ինչ անսարքությունների մասին է խոսքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ներկայումս Կարիբյան ավազանում շրջագայող Carnival Dream զբոսանավը, որը կարող է տեղավորել 3,6 հազար ուղեւորների եւ 1,3 հազար անձնակազմի անդամների, մնացել են առանց էլեկտրաէնեգիայի, նաեւ խափանվել է կոյուղագիծը:

Զբոսանավն արդեն տեղափոխվել է Նիդերլանդների թագավորության կազմում ընդգրկված Սինտ Մարտեն կղզու Ֆիլիպսբուրգ նավահանգիստ, սակայն զբոսանավում գտնվող 4,5 հազար ուղեւորներին թույլ չեն տալիս ափ իջնել:

«Մեզ թույլ չեն տալիս իջնել նավից, թեեւ ներսում անհնար է օգտվել զուգարաններից: Շրջագայության կազմակերպիչը շատ քիչ տեղեկատվություն եւ տոննաներով դատարակ խոստումներ է տալիս: Այն, ինչը պետք է մեկ ժամ տեւեր, տեւում է արդեն 7 ժամ»,-հայտնել է ուղեւորուհիներից մեկը, հաղորդում է «Gazeta.ru-ն»:

Առափնյա ոստիկանությունում պարզաբանում են, որ մարդկանց թույլ չեն տալիս իջնել նավից, որպեսզի հետո պատահաբար չթողնեն կղզու վրա:

Իսկ դրանից առաջ, փետրվարին, հրդեհ է տեղի ունեցել Carnival Cruise Lines ընկերության Carnival Triumph զբոսանավում, որի վրա եղել են 3143 ուղեւոր եւ անձնակազմի 1086 անդամ: Մի քանի օր տեղում մնալուց հետո, այլ նավերի օգնությամբ Carnival Triumph-ը տեղափոխվել էր նավահանգիստ: Այդ օրերին նավի վրա մի քանի օր չեն աշխատել զուգարանները: