Ավստրալիայի Մելբուռն քաղաքի խաղատնից խոշոր հափշտակություն է կատարվել՝ հոլիվուդյան «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի ոճով: Գրեթե նույն սխեմայով Crown խաղատնից 30 մլն դոլար են հափշտակել:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, անանուն օտարերկրացին հասանելիություն է ստացել հսկող տեսախցիկներին, ինչից հետո սկսել է այցելել խաղատուն, խոշոր խաղադրույքներ կատարել եւ շահել (երբեմն էլ՝ պարտվել) զգալի գումարներ:
«Տեսախցիկները խաղացողին ազդանշան են տվել, թե ինչ խաղադրույք է պետք կատարել», - նշում է Herald-Sun-ը՝ հանցագործների գործողությունները համեմատելով հայտնի ֆիլմի սյուժեի հետ, որտեղ Ջորջ Քլունիի եւ Բրեդ Փիթի մարմնավորած կերպարները անվտանգության համակարգերի մասնագետ էին վարձել՝ Լաս Վեգասի խաղատունը թալանելու համար:
Երբ խարդախությունը հայտնի է դարձել, խաղատան աշխատակիցներից մեկին վռնդել են, իսկ ենթադրյալ խաբեբային արգելել են Crown մտնել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Խաղատան ներկայացուցիչները նշել են, որ ուսումնասիրում են տեսագրանցիչների արձանագրած նյութերը եւ, միգուցե հնարավոր լինի հետ բերել անազնիվ եղանակով շահած գումարները, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























