Մարտի 14-ին կայացել է Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Գիդո Վեստերվելեի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ ջերմությամբ է հիշում անցյալ տարի Հայաստան իր այցելությունը եւ սպասում է նորից այցելելու հնարավորությանը: Նախարար Վեստերվելեն գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսության կապակցությամբ եւ ընդգծել, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության առավել զարգացմամբ:
Շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշել է, որ անկախությունից ի վեր հայ-գերմանական հարաբերությունները կանոնավոր կերպով զարգացել են, իսկ վերջին տարիներին նոր թափ են ստացել՝ ամրապնդվել եւ ընդլայնվել։ Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ հետեւողական ջանքերի շնորհիվ դրանք առավել կխորանան: Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկը, շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին: «Հայաստանը գերմանական զորախմբի հետ է խաղաղապահ գործունեություն իրականացնում Աֆղանստանում, եւ այդ ձեւաչափով համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը»,- ասել է նախարար Նալբանդյանը:
Նախարարները գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների միջեւ զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, ակտիվ են միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:
Զրուցակիցներն արծարծել են նաեւ մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության սերտացման եւ համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հայաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարները անդրադարձ են կատարել կովկասյան տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանն առնչվող հարցերին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:
Գերմանիայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը:
Նախարարներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը:
Նրանք պայմանավորվել են շարունակել պարբերական հանդիպումները՝ թե փոխադարձ այցելությունների, թե բազմակողմ համաժողովների շրջանակներում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բունդեսթագի Գերմանիա - Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Վոլֆգանգ Բյորնզենին։
Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունել է Բունդեսթագի պատգամավորների կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այդ համատեքստում երկուստեք կարեւորվել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի արդյունավետ այցելությունը Հայաստան։
Ավարտելով այցելությունը Գերմանիա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվել է Աթենք:




























