Շատերը կարծում են, թե Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակը համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիք կառաջացնի: Իսկ Հայաստանի տնտեսությունը, որը նոր է ուշքի եկել 2009 թ. ճգնաժամի ծանր հետեւանքներից, հազիվ թե լրջորեն դիմակայի այդ երկրորդ ալիքին: Նշենք, որ Կիպրոսի խորհրդարանը երեկ մերժեց բանկային ավանդները հարկելու Եվրամիության պահանջը, հետեւաբար՝ անորոշությունները պահպանվում են:
Բայց որքանո՞վ են այս մտավախությունները հիմնավոր: Կիպրոսում ստեղծված իրավիճակը արմատապես տարբերվում է մինչ այդ Եվրոպան ցնցող պարտքային խնդիրներից: Հունաստանի, Իտալիայի ու Իսպանիայի պարտքային հիմնախնդիրներն առաջացել էին պետական պարտատոմսերի չափից ավելի եւ չհիմնավորված բարձր տոկոսադրույքների պատճառով: Այսինքն՝ խնդիրը բացառապես ֆիսկալ բնույթ ուներ; Կիպրոսում բոլորովին այլ իրավիճակ է՝ այստեղ ճգնաժամի օջախը բանկային համակարգն է (անվճարունակության սինդրոմ), ու աժիոտաժն էլ ոչ թե տնտեսական զարգացումներով է պայմանավորված, այլ Եվրամիության պահանջներով;
Կիպրոսը օֆշորային երկիր է, ու որպես օֆշոր՝ ճանաչված է նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի կողմից: Հազարավոր ընկերություններ են գրանցվում այդ երկրում՝ հարկումից խուսափելու համար, միլիարդավոր դոլարներն են ներդրվում բանկերում՝ սեփական կառավարությունից թաքցնելու համար: Ենթադրվում է, որ Կիպրոսի բանկային հաշիվներում մոտ 70 մլրդ եվրո կա, որի 40%-ը պատկանում է արտասահմանցիներին, հիմնականում՝ ռուսաստանյան ծագմամբ: Եվրոպայում դեռ անցյալ տարվանից կարծիքներ հնչեցին, որ Կիպրոսը հանցավոր ու կեղտոտ փողերի լվացման վայր է, ու դրա դեմ պետք է միջոցներ ձեռք առնել: Այդտեղից էլ առաջացավ պահանջը՝ հարկել բանկային դեպոզիտները, ինչն էլ առաջացրեց աժիոտաժ ու կապիտալի փախուստ: Ու հիմա, ըստ Moody's-ի գնահատականների՝ երկիրը կանգնած է անվճարունակության փաստի առջեւ:
Այսպիսով՝ Եվրամիությունը միանգամայն կանխամտածված հրահրել է կիպրոսյան ճգնաժամը, իսկ դա նշանակում է, որ այնտեղ ճգնաժամի գլոբալիզացիայի վտանգ չեն տեսնում: Ավելի ճիշտ՝ կիպրոսյան ճգնաժամից առաջին հերթին տուժելու է Ռուսաստանը: Ռուսական կապիտալի մի մասն արդեն հասցրել է դուրս գալ Կիպրոսից, սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին խորն են: Բացի նրանից, որ ռուսական ընկերությունները 30-35 մլրդ դոլարի հաշիվներ ունեին կիպրոսյան բանկերում, ռուսական բանկերն էլ մոտ 40 մլրդ եվրոյի վարկեր են հատկացրել Կիպրոսում գրանցված ընկերություններին: Այդ վարկերի ճակատագիրը Ռուսաստանի համար շատ ավելի մտահոգիչ է, քան ավանդների հարցը: Ռուսաստանյան բանկերի ընդհանուր ակտիվները գնահատվում են 2,1 տրլն եվրո, այսինքն՝ կիպրոսյան ակտիվները նրանց ընդհանուր ակտիվների 2%-ն է կազմում: Հետեւաբար՝ Ռուսաստանն ի վիճակի է «մարսել» կիպրոսյան ճգնաժամը դրա ամենավատ սցենարի դեպքում (երբ կհայտարարվի անվճարունակության մասին), սակայն դա այնքան էլ հեշտ չի լինի: Երբեմն վնասի մուլտիպլիկատիվ էֆեկտը զգալիորեն գերազանցում է նախնական վնասի չափերին, ուստի Ռուսաստանի ֆինանսական համակարգն ընդհանուր առմամբ լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած:
Հենց Ռուսաստանից էլ բխում են Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը (Կիպրոսում հայկական ընկերությունների ներդրումների վերաբերյալ որեւէ գնահատական այս պահին գոյություն չունի): Եթե Ռուսաստանը իրապես էլ կորցնի այն 70-80 մլրդ եվրոն, որ ունի Կիպրոսում, ապա մի որոշ ժամանակ ֆինանսական անկայունություն կապրի, դա էլ իր հերթին կանդրադառնա Հայաստան փոխանցվող տրաանսֆերտների, Հայաստանում ռուսական ներդրումների վրա: Չի բացառվում նաեւ, որ հայկական դրամի ներկայիս արժեզրկումը ուղղակի հետեւանք է Կիպրոսում հայկական ընկերությունների ու բանկերի ավանդների սառեցման:
Սամվել Ավագյան



























