Ճապոնիայում տեղակայված՝ միջին և ավելի փոքր հեռահարության հրթիռների արձակման համար նախատեսված ամերիկյան «Typhon» ցամաքային համալիրները սպառնում են ողջ տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

««Typhon» համակարգը ռազմավարական հարձակողական զենք է։ Ճապոնիայի կողմից դրա տեղակայումն արագացնում է ռազմականացման գործընթացը, մեծացնում ռազմական էսկալացիայի ու սպառազինությունների մրցավազքի ռիսկը, սպառնում տարածաշրջանի ռազմավարական հավասարակշռությանն ու կայունությանը, ինչպես նաև վնաս հասցնում հարևան երկրների անվտանգության օրինական շահերին», — ճեպազրույցի ընթացքում ընդգծել է նա՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ այս հարցով վերջերս արած հայտարարությունը։