Այսօր՝ մարտի 20-ին, Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) հանդիսավոր պայմաններում իր հավատարմագրերն է  հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Իվան Գաշպարովիչին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո առանձնազրույց է տեղի ունեցել նախագահ Գաշպարովիչի եւ ՀՀ դեսպանի միջեւ: Նախագահը, շնորհավորելով դեսպան Սեյրանյանին հավատարմագրման կապակցությամբ, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ: Գաշպարովիչը հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման գործում:

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահի նստավայր Գրասալկովիչի պալատում ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնել ջանքեր չխնայել երկու պետությունների միջեւ բազմակողմ հարաբերությունների զարգացման համար: Շուրջ կես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եվրաինտեգրման օրակարգին, բարձր մակարդակով փոխադարձ այցելություններին, Հայաստան-Սլովակիա քաղաքական երկխոսությանը, երկկողմ տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային խնդիրներին: Օգտվելով առիթից` դեսպան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի խորհրդարանի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Բրատիսլավա կատարած այցի ընթացքում դեսպան Սեյրանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Սլովակիայի Արտաքին եւ Եվրոպայի գործերի նախարարության պետական քարտուղար (նախարարի տեղակալ) Պետեր Յավորչիկի, ինչպես նաեւ նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: