Բրիտանական The Sun տաբլոիդի փոխխմբագիր Ջեֆֆ Վեբսթերին պետծառայողներին կաշառելու մեղադրանք է առաջադրվել:
Թագավորական դատախազական ծառայության տվյալներով, 2010 եւ 2011 թվականներին Վեբսթերը հավանություն է տվել երկու անանուն պաշտոնյաների 8 հազար ֆունտ գումար տալու գործարքին` թերթին նյութ մատակարարելու համար: Հաղորդվում է, որ կաշառված ծառայողներից մեկը պաշտպանության նախարարության աշխատակից էր, գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Guardian-ը:
Ջեֆֆ Վեբսթերը ձերբակալվել էր 2012թ. փետրվարին հեռախոսների գաղտնալսման եւ պաշտոնյաներին կաշառելու գործի շրջանակներում: Նրանից բացի ձերբակալվել են նաեւ The Sun-ի 23 նախկին ու ներկա աշխատակիցներ: Վեբսթերի գործով դատալսումները մեկնարկելու են մարտի 26-ին:




























