Լեհաստանի պաստաֆարիականության հետեւորդները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել իրենց երկրի կառավարության դեմ բողոքով, որը չի ցանկանում մակարոնային հրեշի հավատին պաշտոնական կրոնի կարգավիճակ տալ։

Ինչպես պարզաբանում է The Telegraph-ը, պաստաֆարիականները համարում են, որ Տիեզերքը ստեղծել է սպագետիով սնվող թռչող էակը։

Պաստաֆարիականների (պաստա բառից) «կրոնը» ծնվել է ԱՄՆ-ում 2000-ական թվականների սկզբին։ Տիեզերքի մակարոնային ստեղծողին հորինել է ոմն Բոբի Հենդերսոն՝ ի նշան Քանզաս նահանգի իշխանությունների՝ «Խելամիտ մտքի» կոնցեպցիան դպրոցական ծրագրում որպես էվոլյուցիայի տեսության այլընտրանքային տարբերակ ներմուծելու որոշման դեմ բողոքի։ Հենդերսոնը որոշել է, որ եթե ինչ-որ մեկն էլ ստեղծել է իրականությունը, որում ապրում է ինքը, դա միայն մակարոնային հրեշն է, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։

2011 թվականին ավստրիացի Նիկո Ալմը դատարանի միջոցով հասավ վարորդական իրավունքի համար փլավքամիչը գլխին լուսանկարվելու իրավունքի՝ հայտարարելով, որ դա իր կրոնի խորհրդանիշն է։ Տվյալ պահին տղամարդը մոլորակի ամենահայտնի պաստաֆարիականն է։

Իսկ այժմ սպագետիի լեհ սիրահարները որոշել են պաշտպանել իրենց իրավունքները դատարանի միջոցով։ Մակարոնային հրեշի՝ տեղի եկեղեցու ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են ճնշումների, սակայն չեն պատրաստվում իրենց հավատի համար ոչ մի բանի առջեւ կանգ առնել։