Ամերիկյան Ֆորթ Ուեյն քաղաքում  (Ինդիանա նահանգ) հանցագործը սպանել է ավտոբուսի ուղեւորուհուն ու պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Ոստիկանությունը հայտնում է, որ մի քանի ժամ անց երեխային ազատել են, իսկ 45-ամյա առեւանգող Քենեթ Նայթին կրակել է դիպուկահարը:

Ականատեսների խոսքով՝ մարտի 20-ի առավոտյան ավտոբուսի ուղեւորներից մեկը 49-ամյա ուղեւորուհուն ստիպել է իջնել եւ գնդակահարել է բազմաթիվ անցորդների աչքի առաջ: Դրանից հետո նա գրկել է երեխային եւ վերջինիս հետ դիրքավորվել մոտակա սեփական տներից մեկում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քենեթ Նայթի եւ սպանված կնոջ ու երեխայի միջեւ ազգակցական կապ լինելու մասին ոչինչ հայտնի չէ: Ոստիկանության ներկայացուցիչ Ռաքել Ֆոսթերը պատմել է, որ օրեր առաջ իրավապահ մարմինները նամակ էին ստացել, որում նշված էր, որ Նայթը շրջապատի համար վտանգավոր է: Սակայն Ֆոսթերը չի նշել, թե ով էր գրել դիմումը: