Մարտի 19-ին տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Էդ Ռոյսի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Էդ Ռոյսին Կոնգրեսի այս առաջատար հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ դեսպան Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսական Ռոյսին Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին քաղաքական եւ տնտեսական աջակցություն ապահովելու ուղղությամբ նրա գործադրած ջանքերի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Կոնգրեսական Ռոյսը հավաստիացրել է, որ նա պահպանելու է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերում:




























