Այսօր՝ մարտի 21-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպան Ֆրեդերիկ Շումբա Հափունդային (նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս է հայտնել, որ թեեւ աշխարհագրական հեռավորությանը` կողմերը համատեղ ջանքերով կսերտացնեն ու կզարգացնեն հարաբերությունները` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը, եւ որ դեսպան Հափունդան իր ներդրումը կունենա այդ գործում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման եւ խորացման համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների:




























