Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի եւ Ֆրանսիայի խորհրդարանների անդամներին՝ Արցախի հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբեր ձեւավորելու համար:
Հովիկ Աբրահամյանն այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ նիստի սկզբում մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, Լիտվայի Հանրապետության Սեյմում ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության խումբ: Իսկ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Սենատի մի խումբ անդամների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող գործիչների, նախկին պատգամավորների եւ մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ, եւ կոչ են արել վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել լիտվացի եւ ֆրանսիացի մեր գործընկերներին ու բոլոր նրանց, ովքեր կանգնած են այդ նախաձեռնությունների ակունքներում»:




























