«Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, որին ձերբակալել էին փետրվարի 12-ին եւ ազատ արձակել երեք օր անց, ազատազրկման վայրից հայտարարություն էր տարածել, որը NEWS.am-ին է հանձնել նրա պաշտպան Լուսինե Սահակյանը:
«Երբ եղբորս` Խաչատուրի նկատմամբ մարտի 1-ի կապակցությամբ ապօրինի քաղաքական հետապնդում սկսեցին, ինձ թվաց, թե սրանք մարդկություն կունենան եւ մեր տնտեսությունն ու մեզ հանգիստ կթողնեն, հատկապես, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ օրվանից մինչեւ այսօր ես որքան ուժ ունեմ վազում եմ եւ դիմացս մթություն է: Որքան արժեքդ բարձրանում է, այնքան թշնամիներդ շատանում են: Ես պաշտպանում եմ նրանց, ում սիրում եմ»,- փետրվարի 13-ին ՁՊՎ-ի 10-րդ խցից նշել էր Սուքիասյանը:
Նշենք, որ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել էին փետրվարի 12-ին՝ մահվան սպառնալիքի տակ ոմն Գոռ Դավթյանից ստորագրություն կորզելու մեղադրանքով, սակայն փետրվարի 15-ին ազատ էին արձակել` քաղաքից չհեռանալու ստորագրությամբ, առանց մեղադրանք առաջադրելու:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008թ. նախագահական ընտրություններին բացահայտ աջակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Մարտի 1-ի դեպքերից հետո նա մեկուկես տարի գտնվում էր հետախուզման մեջ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




























