Bank of Cyprus-ի տնօրեն Անդրեաս Արտեմիսը հրաժարական է տվել Կիպրոսի բանկային համակարգի փրկության ծրագրերի հրապարակումից հետո: 

Ավելի վաղ՝ մարտի 26-ին, Fitch Ratings Միջազգային վարկանիշային գործակալությունը մինչեւ դեֆոլտի մակարդակի նվազեցրել էր Կիպրոսի խոշորագույն բանկերի՝ Cyprus Popular Bank –ի (Ժողովրդական բանկ կամ Laiki) եւ Bank of Cyprus –ի վարկանիշները: Fitch-ը Laiki-ի երկարաժամկետ եւ կարճաժամկետ վարկանիշը նվազեցրել էր «В» -ից մինչեւ «D» մակարդակ (դեֆոլտ), Bank of Cyprus-ինը՝ «В» -ից մինչեւ «RD» (սահմանափակ դեֆոլտ):

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Կիպրոսում բանկերը կբացվեն մարտի 28-ին: Պատճառները չեն ճշտվել:

Այսօր Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը հայտնել է, որ Կիպրոսի բանկերում 100 հազար եւ ավելի եվրո ակտիվ ունեցող ավանդատուները կարող են մինչեւ 40% կորուստ ունենալ ճգնաժամի դեպքում, հաղորդում է rbc-ն: 

Նախօրեին եվրագոտու ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին օգնություն տրամադրելու նախագիծը՝ բանկային հատվածի վերակառուցման պայմանով: Կիպրոսը 10 միլիարդ եվրո վարկ առաջին օգնությունը կստանա 2013թ. մայիսի սկզբին՝ ESM-ից: ԵՄ-ի նախագիծը նախատեսում է «լավ» եւ «վատ» բանկերի ստեղծում (վերջինիս դերում հանդես է գալիս երկրի երկրորդ խոշոր բանկը՝ Կիպրոսի ժողովրդական բանկը):