Եվրամիությունը եւս մեկ միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին` աջակցելու «շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը»: Ծրագիրն իրականացնելու են «Մարդը կարիքի մեջ» եւ «Հայ օգնության միություն» կազմակերպությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք կաջակցենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին, բայց հնարավորություն չունենք ինքներս լուծել խնդիրը», - լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը միգրացիայի հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, նախորդ շաբաթ 3 մլն եվրո է տրամադրել:

Նոր ծրագիրն իրականացվելու է 4 ուղղություններով: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանի խոսքով, ամենակարեւորն այն է, որ ճիշտ աշխատանք տարվի այն մարդկանց հետ, ովքեր մտադիր են մեկնել երկրից, բայց դեռ չեն մեկնել. «Առաջարկել մի բան, որը կարողանա հետ պահել մարդուն արտերկիր մեկնելուց: Մարդուն առաջարկել կոնկրետ զբաղվածություն, կոնկրետ աշխատանք»,-ասել է նա:

Ամենալուրջ արդյունքը, սակայն, կլինի Եվրոպայից Հայաստան ներգաղթի ապահովումը: Հարցին, թե ինչ պայմաններ պետք է ստեղծվեն Հայաստանում, որպեսզի մարդիկ վերադառնան, ծրագրի ղեկավարներից Տաթեւիկ Բեժանյանը պատասխանեց, թե կոնկրետ այս ծրագրի արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, սակայն Լոռու, Շիրակի, Կոտայքի մարզերում արդեն իրականացված աշխատանքների շնորհիվ վերադարձել է 2400 մարդ. «Այս պահին ես չեմ կարող ասել, թե նրանցից բոլորը ինչ վիճակում են, բայց բիզնես ծրագրերի հետ կապված եւ աշխատանքի տեղավորման հետ կապված կարող եմ ասել, որ կապը որպես այդպիսին կա»:

Նա հավելել է, որ նախորդ ծրագրից հետո 110 նոր աշխատատեղ է ստեղծվել. «Նախորդ ծրագրի ընթացքում մենք ունեցել ենք 27 շահառուներ, ովքեր շատ հաջողված բիզնես ծրագրեր են իրականացրել հանրապետության չորս մարզերում»:

Մինչ Եվրամիությունը մեծ միջոցներ է տրամադրում միգրացիայի խնդիրների լուծման համար, մարդիկ շարունակում են լքել երկիրը: Հարցին, թե որքանով են արդյունավետ ձեռնարկվող միջոցները, ծրագրի պատասխանատուներն արձագանքեցին, թե բոլոր ծրագրերը կանխարգելիչ դեր ունեն:

Իսկ եթե մարդիկ, այդուհանդերձ, հեռանում են, ապա հարկավոր է «տալ ճիշտ տեղեկատվություն»: «Որպեսզի արդյունքում նրանք չդառնան անօրինական միգրանտ, չդառնան շահագործման զոհ: Եթե որոշել են մեկնել, գոնե իրազեկված մեկնեն», - նշել է ծրագրի ղեկավարը:

Ծրագիրն իրականացվելու է 2.5 տարվա ընթացքում: Թիրախային տարածաշրջաններն են Երեւանը, Արարատը, Արմավիրը, Սյունիքն ու Վայոց Ձորը: