Շանհայով հոսող Խուանպու գետից սատկած խոզեր հանելուց  երկու շաբաթ անց չինական մեկ այլ գետում սատկած բադեր են հայտնաբերվել:

Սիչուան նահանգի Պենշան շրջանի բնակիչները իշխանություններին հայտնել են Նանհե գետում եւ դրա ափին սատկած բադեր գտնելու մասին: Պատասխանատու ծառայությունների աշխատակիցները գետից հազարից ավելի սատկած բադ են հանել՝ 50 պարկերում տեղավորելով: Դեզինֆեկցիա կատարելուց հետո մեռած թռչուններին թաղել են երեք մետր խորությունում, հայտնում է «Սինհուան»:

Իշխանությունները կասկածում են, որ բադերին գետն են նետել տեղական ֆերմաներից մեկից: Տեղի բնակիչներին վստահեցրել են, որ նրանց առողջությանը վտանգ չի սպառնում, քանի որ Նանհե գետի ջուրը ջրատար ցանց չի մտնում՝ ի տարբերություն Խուանպու գետի, որտեղից շարունակում են սատկած խոզեր հանել, գրում է NEWSru.com-ը:

Մարտի սկզբից ի վեր սատկած կենդանիների թիվը 16 հազարից անցել է, հայտնում է South China Morning Post-ը: Որոշ խոզերի մոտ խոզի ցիրկովիրուս է հայտնաբերվել, սակայն մասնագետները հանգստացնում են բնակիչներին՝ ասելով, որ այն միայն կենդանիների համար է վտանգավոր:

Միաժամանակ, Չինաստանի այս իրավիճակը վախեցնում է:  «Մեռած խոզեր, մեռած բադեր, ապուրը գնալով թանձրանում է», - Weibo սոցցանցի Baby Lucky օգտատիրոջ մեկնաբանությունն է մեջբերում BBC-ն: