Այսօր՝ մարտի 27-ին, Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Լիտվայի միջեւ միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ` կողմերը կարեւորել են արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկել է դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ինչպես նաեւ 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրել է, որ Լիտվայի նախագահության ընթացքում` 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների եւ Արեւելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով` հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ:

Կողմերը քննարկել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: