Ոստիկանները հետապնդման ժամանակ Բրյուսելի արվարձանում գնդակահարել են 39-ամյա ալժիրցի Հաքիմ Բենգալեմին, ում հետախուզում էին Ֆրանսիայի խնդրանքով՝ ահաբեկչության հետ կապերի կասկածանքով: Հրաձգությունից որոշ ժամանակ առաջ ոստիկաններն արդեն պատրաստվում էին նրան ձերբակալել, տեղեկություն ստանալով, որ Բենգալեմը նոր հանցագործություն է պատրաստում:

Տեղի ունեցածի մանրամասները մինչ այժմ պարզվում են, թեեւ հետապնդումը տեղի է ունեցել մարտի 26-ին: Բրյուսել-Տուրնե մայրուղու վրա ոստիկանությունը փորձել է կանգնեցնել հանցագործի ամենագնացը: Վարորդն անտեսել է ոստիկանների պահանջները, վնասել է ոստիկանի մեքենան եւ կրակ բացել: Հաքիմ Բենգալեմն սպանվել է պատասխան կրակից, ոստիկաններից ոչ ոք չի տուժել:

Ավելի ուշ ոստիկանները խուզարկել են սպանվածի տունը, հաղորդում է Expatica-ն:

Սենյակում ականապատված պահարան է հայտնաբերվել: Երբ սակրավորին հաջողվել է բացել այն, ներսում բավական մեծ զինանոց է հայտնաբերվել՝ բանակային գրոհային հրացաններ, մի քանի ատրճանակներ, պայթուցիկներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, օպտիկական նշանառու սարքեր, մեծ քանակությամբ փամփուշտներ, գրում է NEWSru.com-ը:

Հաքիմ Բենգալեմը ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել մարտի 21-ից հետո, երբ կրակոցներով ավազակային հարձակում էր կատարվել Անդերլեխտի ռեստորաններից մեկում, հաղորդում է Sudinfo-ն: