ԱՄՆ գերագույն դատարանն արդեն երկու օր է, քննում է մի հարց, որը նախկինում երբեք չի քննել: Խոսքը նույնասեռ ամուսնություններն օրինականցնելու մասին, որը բառացիորեն երկու մասի է բաժանել ամերիկյան հասարակությունը: Վաշինգթոնում գերագույն դատարանի շենքի առջեւ զանգվածային ցույցեր են անցկացնում նույնասեռ ամուսնությունների թե կողմնակիցները, թե հակառակորդները:

Հարցման արդյունքներով, ամերիկացիների կեսը պաշտպանում է նույնասեռ ամուսնություններն օրինականցնելու գաղափարը, մյուս կեսը դեմ է դրան: Նահանգների մեծ մասում դրանք օրենսդրորեն արգելված են, բայց որոշ նույնասեռականների թույլ է տրվում ապրել միասին եւ ստանալ այն արտոնությունները, ինչ ավանդական զույգերը: Բայց պաշտոնապես երկու տղամարդկանց կամ երկու կանանց որպես ընտանիք գրանցում են միայն 9 նահանգներում եւ Կոլումբիայի օկրուգում:

Դատարանը պետք է որոշի, թե որքանով է օրինական նույնասեռ ամուսնությունների արգելքը Քալիֆորնիայի նահանգում: Այն ներդրվել է 2008-ի հանրաքվեից հետո: Գեյերն ու լեսբուհիները նման հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական են համարում:
Երկրորդ գործը, որը քննում է Գերագույն դատարանը, վերաբերում է, այսպես կոչված, ամուսնության պաշտպանության դաշնային օրենքին: Դրանում հստակ նշվում է, որ ամուսնությունը միություն է տղամարդու եւ կնոջ միջեւ, հաղորդում է Vesti.ru-ն:
Դատավորներն ավելի վաղ նշել էին, որ նույնասեռ ամուսնությունների թեման ավելի նոր է, քան բջջային հեռախոսներն ու ինտերնետը, իսկ այդ հարցի քննարկումը «անծանոթ ծովերով լողալու» է նման: Դատարանի որոշումը սպասվում է այս տարվա հունիսից ոչ շուտ: