«Կոլորադյան հրաձիգ» Ջեյմս Հոլմսի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի՝ քննության հետ համագործակցելու եւ մեղքն ընդունելու որոշման մասին:
Նման քայլը Հոլմսին հնարավորություն կտա խուսափելու մահապատժից:
Պաշտպանությունն արդեն դատարանին փոխանցել է համապատասխան միջնորդությունը, հաղորդում է Associated Press-ը: Սպասվում է, որ դատախազությունն իր վճռի մասին կհայտարարի ապրիլի 1-ին` Հոլմսի զոհերի հարազատների հետ խորհրդակցությունից հետո:
Դատախազության համաձայնության դեպքում Հոլմսի դատավարությունը կտեւի մի քանի օր, եւ հրաձիգը կդատապարտվի ցմահ բանտարկության` առանց վաղաժամկետ ազատման հնարավորության, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ 24-ամյա Ջեյմս Հոլմսը 2012թ. հուլիսի 20-ին Դենվերում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ սպանդ էր կազմակերպել: Զոհվել էր 12 մարդ, վիրավորվել` 58-ը: Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը նրան ձերբակալել էր: Հուլիսի 30-ին դատարանը նրան պաշտոնական մեղադրանք էր ներկայացրել:




























