Շանհայի արվարձանում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեխաների վրա, տուժել են վեց երեխաներ, որոնցից ամենափոքրը 11 տարեկան է:
Shanghai Daily թերթը գրում է, որ դանակով զինված ոմն Ցզանն իր զոհերին սպասել է դպրոցի ելքի մոտ: Նա հարձակվել է երեխաների եւ նրանց ծնողների վրա, ընդհանուր առմամբ տուժել է 11 մարդ, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:
Ծնողներից ոմանք եւ պատահական անցորդներ վիրավորվել են, երբ փորձել են զինաթափել հարձակվողին: Վերջապես նրանց դա հաջողվել է, եւ Ցզանին հանձնել են ոստիկանությանը: Ցզանի ժամանակավոր կացարանում երկու սպանված կանանց մարմիններ են հայտնաբերվել` նրա քրոջ եւ վերջինիս սկեսրոջ:
Ըստ սպանվածների հարեւանների վկայության` նախօրեին Ցզանը Շանհայ էր ժամանել Ցզյանսու արեւելյան նահանգից` բարեկամներից գումար փոխառելու: Մերժում ստանալով` նա հարձակվել էր կանանց վրա եւ սպանել երկուսին էլ, որից հետո ուղեւորվել էր դպրոց։




























