Բրազիլիայի Կուրիտիբա քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գլխավոր բժիշկ Վիրջինիա Սոարեշ դը Սոուզային նվազագույնը յոթ հիվանդների մահվան մեղադրանք են ներկայացրել:

Սակայն կասկածելի դեպքերի թիվը, որոնց առնչությամբ հետաքննություն է տարվում, արդեն 30-ի է հասել:

Globo-ն հայտնում է, որ, Սոուզայից բացի, ամբաստանյալի աթոռին են հայտնվել եւս երեք բժիշկներ, երեք բուժքույրեր եւ ֆիզիթերապեւտ: Բոլորին օրհասական վիճակում հիվանդանոց բերված հիվանդներին էվթանազիայի ենթարկելու մեղադրանք է առաջադրվել: Քննության վարկածով՝ բոլոր դեպքերում զոհերին դեղամիջոցներ են ներարկվել, որոնք նյարդամկանային կաթվածի են հանգեցնում, ինչի հետեւանքով թուլանում է թոքերի աշխատանքի ինտենսիվությունը, եւ մարդը խեղդվում է օդի պակասից:

Հիվանդանոցում կասկածելի մահվան դեպքերի մասին հաղորդումները ոստիկանությունը վաղուց էր ստացել, սակայն 2012թ. դեկտոմբերին հիվանդներից մեկն անձամբ էր նամակ գրել ընտանիքին՝ խնդրելով տանել հիվանդանոցից, քանի որ ցանկանում են իրեն սպանել, հայտնում է KM.RU-ն:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ անհայտ են պատճառները, որոնք բժիշկ Սոուզային դրդել են խախտել Հիպոկրատի երդումը: Անգամ վարկած կա, որ նա հիվանդներին սպանել է մյուսների համար հիվանդանոցում տեղ բացելու համար:

Եթե մեղքն ապացուցվի, նա կգերազանցի բրիտանացի բժիշկ Հարոլդ Շիփմանին, որը 2004թ. դատապարտվել էր 15 հիվանդների սպանության համար, թեեւ նրան  կասկածում էին 240 սպանություններում: