Մարտի 26-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար  Բոբ Դեքերտին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին եւ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր, մանրամասն զրուցել Հայաստանի եւ Կանադայի միջեւ առկա տնտեսական կապերի վերաբերյալ: Դեսպան Եգանյանը մեծապես կարեւորել է Կանադայի ներդրումների ծավալների ընդլայնումը Հայաստանում եւ հայ-կանադական առեւտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները հանքարդյունաբերության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Այնուհետեւ Արմեն Եգանյանը Բոբ Դեքերտին մանրակրկիտ ներկայացրել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական պատկերը` կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Դեսպանը նշել է, որ  ԼՂ  հիմնահարցի կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ որ ՀՀ գնահատում է Կանադայի աջակցությունը խմբի ջանքերին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձին` դեսպան Եգանյանը հայտնել է, որ հայկական կողմն էր նախաձեռնել հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման գործընթացը, որի արդյունքում ստորագրվել են երկու հայտնի արձանագրությունները, սակայն թուրքական իշխանությունները, չհարգելով իրենց իսկ ստորագրությունն ու միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները, վերադարձել են նախապայմանների լեզվին:

Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են ՀՀ դեսպանության եւ Կանադայի արտաքին գերատեսչության, խորհրդարանի, ինչպես նաեւ այլ պետական մարմինների միջեւ առկա աշխատանքային հարաբերությունների բարձր մակարդակը: