Ամբողջ աշխարհում 11 մարդու կյանք խլած նոր կորոնավիրուսը ատիպիկ թոքաբորբից (SARS) վտանգավոր է, կարծում են Հոնկոնգի գիտնականները:

Novel coronavirus (nCoV) նոր համաճարակը գրանցվել էր 2012թ. Մերձավոր Արեւելքում: Նրա զոհ էին դարձել 11 մարդ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում գրանցված է նոր համաճարակով վարակվածության 17 դեպք:

Հոնկոնգի South China Morning Post թերթը գրում է, որ nCoV-ն ուսումնասիրած Հոնկոնգի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ այն  նվազ «քմահաճ» է, քան SARS-ը, եւ ունակ է ախտահարելու մարդկային ամենատարբեր օրգաններ: Այն կարող է ախտահարել զանազան հյուսվածքներ եւ ոչնչացնել դրանք: Գիտնականների եզրակացությունը հաստատում է նոր վիրուսից մահացության մակարդակը, որը հասնում է 56%-ի: 2000-ականներին, երբ ատիպիկ թոքաբորբից 29 երկրներում 800 մարդ էր մահացել, այն կազմել էր 11%:

Գիտնականները նշում են, որ նոր համաճարակն առաջացնում է ներքին շնչառական ուղիների, լյարդի, երիկամների, աղիների բորբոքում: Մասնագետները կարծում են, որ եթե համաճարակը շարունակի իր մուտացիան, դրա տարածումը կարող է վերաճել մահացու համաճարակի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Հրատարակչությունը նշում է, որ մինչ այժմ նոր հիվանդության աղբյուրն առեղծված է մնում, ընդ որում՝ եվրոպացի գիտնականները կարծում են, որ այն կարող է առաջացած լինել չղջիկներից: