Զարգացող երկրներն անցած տարի ակտիվորեն կրճատել են եվրոպական արժույթի ծավալներն իրենց պահուստներում: Այդ մասին են վկայում Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:

Զարգացող երկրների կենտրոնական բանկերը 2012թ. ընթացքում վաճառել են 45 մլրդ եվրո, ինչը հանգեցրել է պահուստների 8 տոկոս նվազման: Վիճակագրությունը փաստում է, որ պարտքային ճգնաժամը Եվրոպայում սպառնալիքի տակ է դրել դոլարի հետ մրցակցելու եվրոյի շանսերը, հաղորդում է The Financial Times-ը:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Ֆրենկելը նշում է, թե եվրոն «համաշխարհին թիվ երկու արժույթն է, բայց դոլարին մարտահրավեր նետելու հեռանկարներ դեռ չեն երեւում: Զարգացող երկրների դիրքորոշումը փաստում է, թե որ արժույթն են նրանք առավել կայուն, անվտանգ եւ լիկվիդային համարում: Այսպես, ներկայումս զարգացող երկրներն իրենց պահուստների միայն 24 տոկոսն են պահում եվրոյով, ինչը ամենացածր ցուցանիշն է 2002 թվականից հետո: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր` 31 տոկոս ցուցանիշին եվրոն հասել էր 2009թ.: Դոլարը շարունակում է  պահպանել առաջատարի տեղը` 60 տոկոս ցուցանիշով:

Զարգացող երկրներն անցնում են այլ արժույթների, օրինակ` ավստրալական դոլարի, եվրոյի չափաքանակը համաշխարհային պահուստներում եւս նվազել է: