Պաշտոնական վիճակագրության տվյալներից դատելով` երկրի տնտեսությունում շարունակվում են անցած տարվա դրական միտումները: Սակայն զարմանալին այն է, որ հակառակ սրան, ավելանում են «անձնական գույքի հափշտակման» դեպքերը: Ընթացիկ տարվա հունվար- փետրվարին նման դեպքերի թիվն աճել է 298-ով կամ նախորդ տարվա նույն ցուցանիշի համամետ 1,6 անգամ:
Ընդ որում, հանցավոր տարրերի մոտ ավելի մեծ է «հետաքրքրությունը» բնակարանային գողությունների նկատմամբ. ընթացիկ տարվա հունվար- փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց թիվն աճել է 112-ով կամ 2,2 անգամ:
Սխալ կլինի ենթադրել, թե մեր ժողովուրդն ընդհանուր առմամբ աղքատացել է եւ սկսել ակտիվորեն յուրացնել ուրիշի ունեցվածքը: Որոշակի կատեգորիայի մոտ գործերը վատ չեն, ինչի մասին է վկայում խնայողությունների աճը:
Այսպես, առեւտրային բանկերում «բնակչության» ավանդների ծավալն ընթացիկ տարվա հունվարի դրությամբ կազմել է գրեթե 667,5` 33,4%-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Հասկանալի է, որ ամենածանրը գործազուրկների վիճակն է: Անցած տարվա չորրորդ կիսամյակի տվյալներով նրանք կազմում են տնտեսապես ակտիվ բնակչության 15,7%-ը:
Կարծում ենք, որ մեր հասարակության մեջ բեւեռացման խորացման պատճառներից մեկը մանրածախ ապրանքաշրջանառության եւ վճարովի ծառայությունների անհամաչափության դինամիկան է: Ծառայությունների ծավալների ֆիզիական աճի առաջանցիկ տեմեպերն անուղղակիորեն վկայում են մեր հանրության ապահովված շերտերի եկամուտների համապատասխան չափով ավելացման մասին:
Եւ հակառակը, մանրածախ առեւտրաշրջանառության հարաբերականորեն դանդաղ աճը վկայում է երկրում մասշտաբային աղքատության մասին: Այսպիսով, հարստությունն ու աղքատությունը կողք կողքի են, ինչն էլ որոշ տարրերի մոտ ուրիշի բարիքը յուրացնելու ցանկություն է առաջացնում: Բայց, իհարկե, հանցագործություն ծնող գործոնները միայն տնտեսականով չեն սահմանափակվում:
Ալբերտ Խաչատրյան




























