NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարծաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գնահատական տվեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման սառեցված գործընթացի ներկա վիճակին, ինչպես նաեւ անդրադարձավ ստեղծված իրավիճակից դուրս գալու հեռանկարներին:

Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հաշտեցման սառեցված գործընթացի հետ կապված ներկա իրավիճակը:

Իրավիճակն այնպիսին է, որ մինչ օրս վավերացված չեն երկու արձանագրությունները: Թեեւ մենք հասկանում ենք, որ այդ գործընթացը սառացրել են թուրքերը, քանի որ Հայաստանի  խորհրդարանում  ոչ մի խնդիր չի առաջացել: Այսինքն, կոպիտ ասած, գնդակը թուրքական կողմում է:  Քանի որ վավերացման գործընթացը խիստ ձգձգվեց, անհասկանելի է ընդհանրապես այդ արձանագրությունների ճակատագիրը:

Ներկայումս պաշտոնական մակարդակում, ինչպես առնվազն հավաստիացնում է հայկական կողմը, ոչ մի շփում չկա:  Պաշտոնական Երեւանի մոտեցումը պետք է հասկանալ հետեւյալ կերպ. եթե թուրքերը ցանկանում են վերականգնել հարաբերությունները պաշտոնական մակարդակով, ապա նրանք պետք է վավերացնեն ստորագրված արձանագրությունները. ինչո՞ւ սկսել նոր գործընթացը: Թուրքական տրամաբանությունը ես այսպես եմ հասկանում. նրանք դադարեցրել են այդ գործընթացը եւ  հիմա կցանկանային ինչ- որ բան անել պաշտոնական մակարդակով, սակայն նախապայմաններով: Ընդ որում նրանք ղարաբաղյան հարցը հստակորեն կապում են հայ-թուրքական հարաբերությունների հետ, նրանց ընկալմամբ մենք պետք է զիջենք Ղարաբաղի հարցում:

Կա՞ն արդյոք ստեղծված իրավիճակից դուրս գալու հեռանկարներ:

Իհարկե, միշտ էլ հնարավորություններ կան: Եվ վերընտրվելեւց հետո, եւ նախընտրական փուլում Սերժ Սարգսյանը որոշ դրական ազդակներ էր հղում, այսինքն, Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման պատրաստակամություն էր հայտնում: Թուրքական կողմից եւս որոշակի ուղերձներ էին հնչում, սակայն այդ ողջ պատմությունը փոխեց այն, որ թուրքական կանցեպցիայի համաձայն, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը  կապվում է ղարաբաղյան հակամարտության հետ: Դա նշանակում է, որ թուրքերը պատրաստ չեն հարաբերությունների կարգավորման: Հասկանալի է, որ ղարաբաղյան թեման բավականին ծանր եւ մոտ հեռանկարում  դժվար լուծելի հարց է: Չնայած այն բանին, որ ֆորմալ առումով որոշ պատրաստակամություն կա  թուրքական կողմից հաշտեցման գործընթացը վերականգնելու առումով, սակայն թուրքական ակնարկները  որոշ նախապայմաններ են պարունակում:

Կարելի՞ է պնդել, որ առկա է տարածաշրջանում ներկա երրորդ երկրների ազդեցությունը:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացում պարզապես ակնհայտ է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա, ինչը, իհարկե, շատ տարօրինակ է, քանի որ Թուրքիան բավականին ուժեղ եւ խոշոր երկիր է, որը դինամիկ զարգանում է:

Թուրքիայի էլիտան պատրաստ է, որ նրա վրա Ադրբեջանը ճնշում գործադրի, քանի որ Բաքվի ազդեցությունը մեծ է  ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում: Մենք հստակ տեսնում ենք, որ Թուրքիան առայժմ դադարեցրել է Երեւան-Վան չվերթը, թեեւ դա կորմերցիոն չվերթ էր եւ դադարեցվել է Ադրբեջանի ճնշման ներքո:

Մյուս երկրների բացասական ազդեցությունը ես, անկեղծ ասած,  չեմ նկատում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը հետաքրքրություն է դրսեւորում  հայ-թուրքական հարբերությունների նորմալացման նկատմամբ, իսկ Ռուսաստանն առավել չեզոք դիրքորոշում ունի այդ հարցի առնչությամբ:

Բացի այդ, աշխարհում հիմա առավել հրատապ խնդիրներ կան միջազգային հանրության եւ Թուրքիայի համար, օրինակ, Սիրիայի ճգնաժամը: Դա լարվածության մեջ է պահում ողջ տարածաշրջանը, այդ իսկ պատճառով թուրքական էլիտան չի կարող լիարժեք կենտրոնանալ Հայաստանի վրա, քանի որ Թուրքիայի համար առավել խոշոր սպառնալիքներ կան:

Կան նաեւ այլ քաղաքական հարցեր. Իրանի գործոնը, կասպիական չլուծված հարցը, որը պարբերաբար սրվում է եւ այլն:  Ուստի, երբ մենք ասում ենք, որ թուրքական կողմից ոչ միշտ է հետաքրքրություն դրսեւորվում հարաբերությունների նորմալացման առումով,  դա ոչ այնքան այն պատճառով է, որ չեն ուզում, այլ  որ առկա են այլ հարցեր եւս, որոնք շեղում են Թուրքիային:

Ինչպիսի՞ ն է ոչ պետական մակարդակով շփումների դերը:

Առաջին հերթին, իսկապես, ոչ պետական մակարդակով բավական ակտիվ համագործակցություն է  առկա, որը շարունակվում է նաեւ հիմա: Որքանո՞ վ է  նման համագործակցությունն արդյունավետ` դժվար է ասել, սակայն որ այն դրական է, դա հստակ է, քանի որ Թուրքիայում հսկայական հայական ժառանգություն կա:

Ակնհայտ է նաեւ, որ Թուրքիայում շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են համագործակցել Հայաստանի հետ, քանի որ շատերը գնահատում են հայ ժողովրդի ավանդը. շատերը հայկական արամատներ ունեն: Չպետք է դադարեցնել նման շփումները միայն այն պատճառով, որ պաշտոնական մակարդակում մեզ մոտ ոչինչ չի ստացվել:

Ինչպիսի՞ ն է տնտեսական համագործակցության դերը, կարո՞ ղ է այն նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

Իհարկե, եթե տնտեսական մակարդակում ազդեցությունն աճի, այն ի վերջո, կանցնի քաղաքական հարթություն: Գոյություն ունեցող առեւտրի մակարդակը լավ է, սակայն ոչ այնքան, որը թույլ կտա առեւտրային եւ արդյունաբերական խմբերին եղանակ ստեղծել: Հասկանալի է, որ տնտեսական համագործակցության մասշտաբների ավելացումից հետո թուրք ձեռնարկատերերի, փորձագետների պրոհայկական  կեցվածքն ավելի մեծ ազդեցություն կունենա:

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը