Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արձագանքել է NEWS.am«ԿԲ-ն կրկին սխալ է ներկայացրել FAO-ի ինդեքսը. միտու՞մ, թե՞ վրիպակ» հրապարակմանը: Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ FAO-ի ինդեքսը ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում ճիշտ չի օգտագործված;

ԿԲ պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «Ապրիլի 5-ին ԿԲ կողմից հրապարակված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունում ներկայացված է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) պարենի գների ինդեքսը, որը փետրվարին՝ հունվարի նկատմամբ նվազել է 0.12 տոկոսով: Վերջինիս համար հիմք է ծառայել FAO-ի պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվությունը, ըստ որի 2013 թվականի փետրվարին այն կազմել է 210.18, իսկ 2013 թվականի հունվարին՝ 210.43: Տոկոսային փոփոխությունների հաշվարկի արդյունքում գների ինդեքսի փոփոխությունը ստացվում է -0.12 տոկոս, ինչն առավել ճշգրիտ է ներկայացնում իրականությունը:

Առանձին ապրանքատեսակների գների առումով նշենք, որ ի լրումն FAO պարենի գների ինդեքսի, ԿԲ-ն մշտապես դիտարկում է ապրանքատեսակների այն շուկաները, որոնցում տեղի ունեցող գնանշումները, ըստ ԿԲ վերլուծությունների, առավել օպերատիվ են եւ ավելի փոխկապված Հայաստանի ներքին գների զարգացումների հետ: Մասնավորապես, ցորենի համար վերցվում են ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ տեսակի գնի,  բրնձի համար՝ «Chicago Board of Trade» (CBOT) ապրանքահումքային բորսայում գնանշվող գնի, իսկ շաքարավազի համար՝ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող գնի փոփոխությունները:

Ինչ վերաբերում է շաքարավազի եւ հացահատիկի գնի աճին, նշենք, որ  իրո՛ք, ապրիլի 5-ի հաղորդագրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ, քանի որ միջազգային շուկաներում առաջին եռամսյակի ընթացքում դրանց գները նվազել են՝ ինչը համապատասխանում է ԿԲ գնահատականներին: Այդ վրիպակի տեխնիկական լինելը կարելի է տեսնել նաեւ նույն հաղորդագրության տասներորդ պարբերությունում, որտեղ նշվում է, որ «…հումքային հիմնական ապրանքների միջազգային շուկայում գրանցվել են չափավոր աճի, իսկ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկայում՝ գնանկումային միտումներ…»:

Հեղինակի կողմից.

FAO-ն ունի իր պաշտոնական կայքէջը, եւ դրանում տրվում է պարենի ինդեքսի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Այնուամենայնիվ՝ մենք փորձեցինք ԿԲ ներկայացրած հղումով ճշտել FAO-ի ինդեքսը, սակայն որեւէ տարբերություն չնկատեցի: Ցանկացած ոք կարող է այդ հղումը ստուգել՝ պարենի ինդեքսը փետրվարին կազմել է 210.2, հունվարի 210.4-ի համեմատ: Տարբերությունը 0.2 է կամ 0.09%, այլ ոչ թե 0.12%:

ԿԲ ապրիլի 5-ի վերաֆինանսավորման արձանագրության մեջ հղում չկա, որ առանձին ապրանքատեսակների գծով վերցվում են առանձին բորսաների գնային շարժերը: Բայց եթե անգամ այդպես է՝ որքանո՞վ է դա արդարացված: FAO-ն տալիս է միջազգային շուկայի ընդհանրական միտումները, այդ թվում՝ ըստ առանձին ապրանքատեսակների: Ի՞նչ իմաստ ունի միջազգային շուկան սահմանափակել մեկ բորսայով, որքան էլ այդ բորսան հեղինակավոր լինի:

Բացի այդ՝ եթե պետք է հացահատիկի շուկան նայենք ըստ սեգմենտների, ո՞վ ասաց, որ Հայաստանի ներքին շուկայի վրա ազդում են ԱՄՆ գյուղդեպարտամենտի կարմրահատ ցորենի գների փոփոխությունները: Եթե ցորենի շուկան նայում ենք ըստ սեգմենտների, ուրեմն առաջին հներթին պետք է նայենք Նովոռոսիյսկում ցորենի գինը, քանի որ այնտեղից են կատարվում ցորենի հիմնական ներմուծումները: Իսկ Նովոռոսիսյկում ցորենի գների փոփոխությունները միշտ չէ, որ համահունչ են ամերիկյան ցորենի գների փոփոխություններին, դրանք կարող են նույնիսկ տարբեր վեկտորներ ունենալ; Ռուսական ու ուկրաինական ցորենի գներն ավելի փոխկապակցված են Փարիզի ու Լոնդոնի բորսաների գների հետ, քանի որ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ մրցակցում է  միջերկրծովյան ավազանի երկրներում հայտարարվող ցորենի տենդերներում:

Եթե ԿԲ մասնագետները վերապատրաստում են անցնում ԱՄՆ-ում, դա չի նշանակում, որ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի արձանագրությունները պետք է մեխանիկորեն պատճենեն Հայաստանում: Անցյալ տասնամյակի փորձը հուշում է, որ նման պատճենումներն ու երեւեկայական գործոնների նկարագրությունները միայն արժեզրկում են պետության քաղաքականությունը; Շատ հեռու գնալ պետք չի՝ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմը մինչ այսօր լիարժեք չի աշխատում, իսկ դրամավարկային քաղաքականությունը վստահություն չի վայելում գործարարների ու հանրության շրջանում: Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԿԲ-ն կշարունակի անհիմն մեթոդոլոգիաների հիման վրա ոչ ճիշտ ազդակներ հաղորդել շուկային:

Սամվել Ավագյան