Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում «մենաշնորհ» տերմինը չի մեկնաբանվում: Հավանաբար սա էլ հիմք տվեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ապրիլի 8-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստում հայտարարել, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, կան միայն գերիշխող դիրք գրավողներ: Այս հայտարարությունը, ինչպես հայտնի է, հարուցեց ընդդիմադիր պատգամավորների զարմանքն ու զայրույթը:

Այն, որ ՀՀ օրենսդրությունում «մենաշնորհ» տերմինը չկա, դեռ չի նշանակում, որ մենաշնորհը որպես տնտեսական կատեգորիա վերացել է: Ակնհայտորեն՝ «մենաշնորհ» եւ «գերիշխող դիրք գրավող» հասկացությունները նույնը չեն:

Գերիշխող են համարվում այն ընկերությունները, որոնց մասնաբաժինը շուկայում գերազանցում է 33.3%-ը: Այսինքն՝ կարող են լինել 3 գերիշխող դիրք գրավողներ ու նրանց միջեւ շատ լուրջ մրցակցություն ծավալվի, ինչպես մեզ մոտ տեղի է ունենում բջջային կապի շուկայում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ շուկայում 30% մասնաբաժին ունեցողը մեծ հնարավորություններ ունի գին թելադրելու, կամ էլ շուկայի մասնակիցների սահմանափակ քանակը հեշտացնում է կարտելային համաձայնությունների կայացումը: Այդ պատճառով էլ ամբողջ աշխարհում գերիշխող դիրք գրավողների նկատմամբ հատուկ հսկողություն է իրականացվում, ու դա արվում է նաեւ Հայաստանում: Սա չի նշանակում, որ գերիշխող դիրք գրավելը վատ բան է ու անպայմանն պետք է պատժել այդ ընկերությանը: Ընդհակառակը՝ ընկերությունը կարող է գերիշխող դիրքի հասնել ճիշտ մենեջմենտի, նորարարությունների, ճկուն գնային քաղաքականության միջոցով: Ուղղակի պետության խնդիրն է՝ այնպես անել, որ գերիշխող դիրքի հասած ընկերությունը չսկսի այն չարաշահել:

Այլ է խնդիրը մենաշնորհի հետ կապված (նկատի չունենք բնական ու փակ մենաշնորհները): Մենաշնորհային է համարվում այն ընկերությունը, որը շուկայում մոտ փոխարինող ու մրցակից չունի: Սովորաբար նման կարգավիճակի հասնում են շուկայի առնվազն 70%-ը յուրացնելով: Աշխարհում հիմա հազվագյուտ են հանդիպում մենաշնորհներ այնպիսի շուկաներում, որոնք իրենց բնույթով կարող են մրցակցային լինել: Սակայն Հայաստանում այդպիսի 1 մենաշնորհ ձեւավորվել է՝ շաքարավազի շուկայում: Մնացած բոլոր շուկաներում մենք մենաշնորհներ չունենք, ունենք միայն գերիշխող դիրք գրավողներ: Ի դեպ՝ հայտնի տնտեսագետ Թոմաս ԴիԼորենցոն կարծիք է հայտնել, որ ժամանակակից շուկաներում մենաշնորհ դիրքի կարելի է հասնել եւ այդ դիրքը պահպանել միայն պետության հովանավորչությամբ: Եթե հետեւում ենք Հայաստանում շաքարավազային մենաշնորհի ձեւավորման պատմությանը, ապա ակնհայտ է դառնում, որ առանց մաքսային, հարկային ու վարչական այլ մարմինների աջակցության հայտնի օլիգարխը երբեւէ չէր կարողանա մենաշնորհ ձեւավորել: Ներկայում սույն մենաշնորհային ընկերությունը կարողանում է իր դիրքը պահպանել արդեն մրցակցային մեխանիզմների շնորհիվ, սակայն դա չի հանում պատասխանատվությունը մենաշնորհի ձեւավորման գործընթացում իրականացրած քայլերի համար:

Այսպիսով՝ մենաշնորհը Հայաստանում վեր է ածվել զուտ տնտեսական ու քաղաքական կատեգորիայի, ու չունի կոնկրետ իրավական բովանդակություն: Սակայն դա չի նշանակում, որ մրցակցային օրենսդրությունը չի կարելի խստացնել ու դրանում ներառել հակամենաշնորհային քաղաքականության տարրեր:

Սամվել Ավագյան