Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունից աշխատակիցներ են այցելել ապրիլի 9-ին Վահրամաբերդում ականի պայթյունից մահացած երեխաների ընտանիքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ այցելել են ընտանիքներին, պայմանավորվել, որ ռուսական կողմը  ընտանիքներին կտրամադրի սնունդ եւ հագուստ, իսկ Հայաստանի ՊՆ-ն կտրամադրի դրամական օգնություն: Իսկ թե ինչքան գումար կտրվեն այդ ընտանիքներին, դա պետք է որոշի պաշտպանության նախարարը: Նախարարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են երկու ընտանիքների վիճակը, նկարահանել տունը:

Ինչ վերաբերում է Վահրամաբերդի կից արոտավայրին, ապա գյուղապետն ասաց, որ տարածքը հնարավոր չէ պարսպապատել, այստեղ կա երկու խնդիր: «Դա գյուղի միակ արոտավայրն է, եթե այն պարսպապատեն, պիտի համայնքը անասուն չպահի, ինչը չենք կարող»,- ասաց Աղվան Մարտիրոսյանը:

Տարածքը պարսպապատելու հետ կապված մյուս խնդիրը տեխնիկական է, քանի որ այդ արոտավայրը սարի վրա է: «500 մետրի չափ արոտավայր է, դրանից հետո սար է, որը 2500 մետրից ավել բարձրություն ունի ծովի մակերեւույթից: Անհնար է այն չափարապատել»,- ասաց նա` շեշտելով, որ միակ լուծումն այն է, որ ժողովուրդը զգույշ լինի, երեխաները չգնան այդ տարածք:

Նա նշեց, որ այդ տարածքը դեռեւս խորհրդային շրջանից ծառայում է ռազմական նպատակների, վտանգը միշտ եղել է, սակայն կա զգուշացնող պաստառ, վահրամաբերդցիները դա գիտեն եւ միշտ շատ զգույշ են եղել այդտեղ:

Նշենք, որ ընտանիքներին 100 հազարական դրամի չափով օգնություն էր տրանադրել Շիրակի մարզպետարանը,  Վահրամաբերդի գյուղապետարանը, այդ ընտրատարածքից ընտրված պատգամավորը, տարածքի թեմի առաջնորդը, գյուղի դպրոցի ուսուցչական կոլեկտիվն եւ այլն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահմաններում Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտակայքում` ՌԴ թիվ N տանկային հրաձգարանի տարածքում, պայթյունից մահացել է 2 երեխա: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում են գտնվել նաեւ մարզային ԱԱԾ եւ ոստիկանության աշխատակիցներ: Պարզվել է, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001 թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997 թ. ծնված Մ. Գեւորգյանը: Երկու երեխաները` 12-ամյա Արթուր Մկրտչյանը եւ 16-ամյա Մուշեղ Գեւորգյանը հարեւաններ են: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել են անիվները, գնացել են մոտը խաղացել, հարվածել են, ականները պայթել են: Հայրը պայթյունի ձայնը լսելով վազել է դեպի երեխաները, սակայն նրանք տեղում մահացած էին:

Ի դեպ, երկու ընտանքիներն էլ բազմանդամ են եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյաննների: