Հայաստանում հեղափոխություն կարող է տեղի ունենալ 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայստանի նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Իսագուլյանի խոսքով` նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծվել է «անհանգիստ իրավիճակի» պատրանք, որն իրականությանը չի համապատասխանում: «Ընտրություններից հետո անցկացվող ցույցերը, իշխանությունների հանդեպ հնչած քննադատությունները եւ նույնիսկ ընդդիմության կողմից կատարված երդմնակալությունը չի կարող լուրջ ազդել երկրի իրավիճակի վրա: Երեւանի ավագանու կայանալիք ընտրությունները եւս չեն կարող հանգեցնել լուրջ փափոխությունների, քանի որ մինչ ընդդիմադիրները զբաղված են այն հարցով թե «ում շուրջ հավաքվել», Հայաստանի հանրապետական կուսակցությունը զբաղված է գործով, աշխատում է ընտրազանգվածի հետ, եւ լրջորեն նպատակադրված է հաղթել կայանալիք ընտրություններում»:
Իսագուլյանը նաեւ նշել է, որ հայկական ընդդիմության սխալըն այն է, որ նա, ում վարկանիշն ավելի բարձր է, սկսում է համարել, որ Ազատության հրապարակն իր սեփականությունն է, նաեւ համարում է, որ միասնականությունը պետք է կատարվի հենց իր շուրջը եւ սկսում է թելադրել իր պայմաններն ուրիշին: Այլ կերպ ասած` ընդդիմությունը խոսում է ժողովրդավարության մասին, բայց իրեն այլ կերպ է պահում, եւ հենց այս պատճառով էլ ընդդիմության համախմբումը երբեք չի պսակվում հաջողությամբ: Այս պատճառով էլ Իսագուլյանը առաջիկա 2 տարիների ընթացքում երկրի ներքաղաքական դաշտում որեւէ լուրջ գործընթացի ակնկալիք չունի:
Իսագուլյանը հրաժարվել է պարզաբանել, թե ինչու է համարում, որ լուրջ փոփոխություններ կարող են կատարվել միայն 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո` նշելով, որ այդ կարծիքը լուրջ ուսումնասիրությունների եւ հաշվարկների արգասիք է:




























