Երեւանի ավագանու ընտրացուցակների վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հետ, ով համակարգում է անձնագրային եւ վիզաների վարչությունը:

Պարոն Օսիկյան, ինչպես են ընթանում Երևան քաղաքի ընտրացուցակների ճշգրտման աշխատանքները: Ի՞նչ բնույթի անճշտություններ են հիմնականում հայտնաբերվում:

Ընտրողների ռեգիստրի վարման բնականոնությունը թե նախընտրական, թե հետընտրական ժամանակահատվածներում երբեք չի խաթարվել: Ոստիկանությունն իրեն վերապահված այս գործառույթն իրականացնում է ամբողջությամբ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:

Ընտրացուցակների ստուգման աշխատանքները կազմակերպված կերպով իրականացվել են համապետական ընտրությունների ընթացքում: Ինչպես Երևանում, այնպես էլ այլ համայնքներում անճշտությունների ստուգման աշխատանքներում ներգրավավված են եղել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները: Արդյունքում ունեցանք ընտրությունների պատմության մեջ լավագույն ցուցակները: Երևանի ընտրողների ցուցակների ստուգման աշխատանքները այս պահին ևս ընթանում են: Բացի անճշտություններիի մասին անձնագրային ծառայություններին գրավոր դիմելու հնարավորությունից, Երեվանցիները կարող են նաև զանգահարել ոստիկանությունում գործող «Թեժ գծի» հեռախոսահամարներին:

Մինչ այս պահը ի՞նչ անճշտությունների, խախտումների վերաբերյալ եք ահազանգեր ստացել ընտրողներից:

Դատելով անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գծով» մինչը այս պահը ստացված հաղորդումների քանակից և բնույթից` ընտրացուցակները մեր համաքաղաքացիներին մտահոգվելու առիթ չեն տալիս: Օրինակի համար ասեմ, որ ցուցակների հրապարակումից հետո ստացվել է թվով հինգ հաղորդագրություն,որից մեկն է վերաբերվել անճշտություններին: Մյուս չորս հաղորդումներով հաշվառման օրենսդրության վերաբերյալ քաղաքացիներին տրվել են իրավական պարզաբանումներ:

Նախագահական ընտրություններից անցել է ընդամենը երկու ամիս, բայց ոստիկանության կողմից տարածված հայտարարության համաձայն Երեւանի ընտրողների թիվն աճել է վեց թե յոթ հազարով: Խնդրում եմ բացատրեք՝ ի՞նչ հաշվարկի արդյունքում է այդպիսի աճ ստացվել:

Նախ մի փոքրիկ ուղղում. ընտրողների թվի փոփոխության տրամաբանությունը ճիշտ ըմբռնելու համար անհրաժեշտ է համադրել Երևանի ընտրողների թիվն ըստ նախնական ընտրացուցակների: ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Երեւանի ընտրողների նախնական ցուցակներում եղել է 814.812 ընտրող, ավագանու ընտրությունների համար հրապարակված նախնական ընտրացուցակներում` 817.814: Ի տարբերություն համապետական ընտրությունների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև մինչև քվեարկության օրը համայնքում առնվազն վեց ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Երևանում հաշվառված են 3375 ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք` փախստականներ, օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք: Այսինքն` ընտրողների թվի աճի հիմնական գործոնը իրավական այլ կարգավիճակ ունեցող անձանց ակտիվ ընտրական իրավունք ձեռք բերելն է:

Պարոն Օսիկյան, լուրեր են տարածվել, որ անձնագրային ծառայությունները մեծ թվով այլ համայնքների բնակիչների հաշվառում են Երեւանում` քվեարկության օրը նրանց ընտրական տեղամասեր կազմակերպված ուղղորդելու համար: Ի՞նչ կասեք այս մասին մասին:

Անկեղծ ասած` էլ չենք զարմանում նման լուրեր տարածողների երևակայությունների և «հնարամտության» վրա: Ընտրությունից ընտրություն ոստիկանության և մասնավորապես անձնագրային ծառայությունների վերաբերյալ ինչ-որ առասպելներ են շրջանառության մեջ դրվում, որով փորձում են ապակողմնորոշել մեր հանրությանը:

Հիշեցնեմ, որ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրությունների նշանակումից հետո Երեւանում հաշվառված անձանց ընդգրկել ընտրողների ռեգիստր: Սա ընտրական օրենսգրքի կարևոր նորամուծություններից մեկն է:

Հիշյալ իրավադրույթի կիրառման երաշխավորն է ոստիկանությունը, անձամբ ոստիկանության պետն է այս կապակցությամբ տվել նաև համապատասխան հանձնարարական, ինչը նշանակում է, որ օրինականությունը կմնա անխոցելի:

Ի դեպ` ընտրական օրենսգիրքը իմ կողմից նշած իրավական արգելքից բացի նախատեսել է նաև բացառություններ: Մասնավորապես` ամուսնության, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, ՀՀ մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու, Երեւանում անշարժ գույք ձեռք բերելու հիմքերով ավագանու ընտրությանը կարող են մասնակցել նաև ընտրությունների նշանակումից հետո Երևանում հաշվառված անձինք: Ասեմ միայն, որ իմ կողմից նշված բոլոր բացառությունների հիմքերով Երևանի ավագանու ընտրությունների նշանակումից հետո ընտրողների ցուցակում ընդգրկվել են ընդամենը 639 քաղաքացիներ:

Ձեր նշած բացառության շարքի՞ց է նաեւ այն, որ ավագանու ընտրություններին մասնակցելու համար ազատազրկման վայրերից մեծ թվով դատապարտյալներին ազատ արձակելը, որոնց անձնագրային ծառայությունները սկսել են հաշվառել ընտրությունների նշանակումից հետո:

Ազատված դատապարտյալների թիվը ճշտելու համար առաջարկում եմ դիմել արդարադատության նախարարություն: Համոզված եմ, որ սա հերթական բամբասանքն է: