Այս պահին հեղափոխության մասին խոսելը եւ ժամկետներ նշելը քաղաքական կարճատեսություն է, որը ոչ իրատեսական է, ոչ էլ տեղավորվում է տրամաբանության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն՝ արձագանքելով «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեղափոխություն կարող է տեղի ունենալ 2015 թվականի սեպտեմբերի 21-ից հետո:
Հովհաննես Սահակյանի խոսքով, հեղափոխությունները ինքնանպատակ չեն լինում, պետք է լինի ազգը համախմբելու գաղափար, նպատակ, քայլերի հաջորդականություն: Որպես հեղափոխության, օրինակ, նա բերեց մեր անկախությունը, Արցախյան հերոսամարտը եւ ընդգծեց, որ այսօր հեղափոխության մասին խոսելն իրատեսական չէ: «Առավել եւս, որ վերջին երկու ընտրությունները, որոնք տեղի են ունեցել բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ, ինչի արդյունքում ձեւավորվել է այսօրվա իշխանությունը»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ (ընդդիմադիր) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ նշեց, որ ոչ ոք չի կարող ասել այդ հեղափոխությունը 1 ամիս հետո կլինի, թե՝ 1 տարի: «Իսկ, եթե Գառնիկ Իսագուլյանն ասում է եւ նույնիսկ օր է նշում, երեւի Նոստրադամուսի հետ ազգակցական կապ ունի», -նշեց ԱԺ պատգամավորը: Լյուդմիլա Սարգսյանը նաեւ չի կարծում, թե այդ կանխատեսումն իր մեջ որեւէ մեսիջ է պարունակում: «Եթե այդ մեսիջներն իր միջոցով փոխանցելու լինեին, նա կշարունակեր պաշտոնավարել ԱԺ-ում որպես նախագահի ներկայացուցիչ: Հետեւաբար` կարծում եմ, որ նման հայտարարությամբ փորձում է իր նկատմամբ հետաքրքրություն առաջացնել»,- պարզաբանեց ՍԴՀԿ ատենապետը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքելով կանխատեսմանն, ասաց, որ ինքը չգիտի, թե այդ հայտարությունն իր մեջ ինչ մեսիջ է պարունակում եւ այսօր իր համար ավելի կարեւոր զբաղմունքներ կան: «Ես չեմ հասկանում այդ հայտարությունը պարզաբանելու եւ մեկնաբանելու էությունը: Ուստի` այդ հայտարարությանը չեմ ծանոթացել եւ չեմ խորհել դրա շուրջ: Հայաստանում անհրաժեշտ է գիտության հեղափոխություն, կրթության հեղափոխություն, ցորենի ցանքի հեղափոխություն, արդյունաբերության հեղափոխություն: Հեղափոխություն քաղաքական ու կառավարման կարգերի մեջ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը եւ ավելացրեց, որ անհրաժեշտ է կյանքի որակի փոփոխությունը բոլոր ոլորտներում:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ նկատեց, որ այդ հարցին Գառնիկ Իսագուլյանը պետք է պատասխանի, քանի որ նա է տվյալ հայտարարության հեղինակը: «Նայած հեղափոխություն ասելով ինչ նկատի ունի, ինչի հետ է կապում: Այն, որ սոցիալապես վատ վիճակում ապրող ժողովուրդը կարող է եւ հեղափոխություն անել, դա փաստ է: Բայց մեր իրականությունը որոշակի առանձնահատկություններ ունի: Իսկ պարոն Իսագուլյանի նշված ժամկետին չեմ կարող որեւէ ձեւով հիմնավորում, մեկնաբանություն կամ գնահատական տալ»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ նշեց, որ շատ ուրախացավ, որ Գառնիկ Իսագուլյանը թեկուզ եւ հեռավոր ապագայում տեսնում է հեղափոխության օրը: «Բայց շատ եմ ուզում հասկանալ, թե ինչպես է մատը մատին չտալով հեղափոխությունը գալու Հայաստան: Բայցեւայնպես, հեղափոխությունը Հայաստանում ավելի շուտ է լինելու: Հայաստանն այլեւս կանգնած է, ոչ միայն հեղափոխության նախաշեմին, այլ իրավունք չունի բաց թողնելու համակարգային փոփոխությունների տանող հեղափոխության պահը»,- կարծիք հայտնեց Ստյոպա Սաֆարյանը:




























